NEWS.am-ը Ամանորի կապակցությամբ նախաձեռնել է հարցազրույցների շարք մեր նախարարների հետ: Ներկայացնում ենք հերթական հարցազրույցը: Այս անգամ զրուցել ենք Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի հետ:
Պարոն Գաբրիելյան, ինչպե՞ս եք այս տարի անցկացնելու Ամանորը, որտե՞ղ եւ ու՞մ հետ:
Ամանորը կդիմավորենք ընտանիքով, Հայաստանում:
Որքանո՞վ եք մասնակցում ամանորյա նախապատրաստություններին: Որոշե՞լ եք, թե ինչ եք նվիրելու ձեր երեխաներին, կնոջը, մտերիմներին:
Ամանորյա նախապատրաստությունները կնոջս ուսերին են: Ես կատարում եմ միայն որոշ գնումներ: Որեւէ նվեր դեռեւս չեմ գնել: Երեխաների դեպքում երեւի թե միայն Ձմեռ պապը նվերներ բերի:
Ձեր ընտանիքում Ամանորը կազմակերպելու եւ անցկացնելու ձեւավորված ավանդույթներ կա՞ն, կպատմե՞ք դրանց մասին: Օրինակ` Ամանորին ի՞նչ կենացներ եք սովորաբար խմում:
Խիստ ձեւավորված ավանդույթներ չունենք: Իհարկե խմում ենք հաջող եւ խաղաղ գալիք տարվա համար, ցանկանում բոլորին առողջություն: Ամանորը նաեւ լավ առիթ է հանդիպելու բարեկամներին եւ հարեւաններին, որոնց հետ, ցավոք, տարվա ընթացքում շատ շփվելու ժամանակ չենք ունենում:
Ի՞նչ տվեց 2011-ը ձեր ընտանիքին եւ ի՞նչ ակնկալիքներ ունեք 2012-ին:
2011-ն ինձ համար մեծացած պատասխանատվության եւ ընտանիքի համար պակասած ժամանակի տարի էր: 2012-ին հույս ունեմ ընտանիքիս մի փոքր ավելի ժամանակ հատկացնել:
Հիշու՞մ եք, թե որն էր Ձեր կյանքի ամենաերջանիկ եւ ամենատխուր Ամանորը: Մանկությունից ամանորյա ի՞նչ հիշողություններ են մնացել:
Դժվարանում եմ առանձնացնել ամենաերջանիկ ու ամենատխուր Ամանորը: Բոլորն էլ հաճելի էին յուրովի: Մանկության օրերից մնացել է հարց, թե ինչպես էր Ձմեռ պապը հասցնում տուն մտնել լուսամուտի փոքր փեղկից եւ նվեր թողնել ճիշտ այն ժամանակ, երբ ես դռան մոտ էի կանգնած լինում:
Երազանք պահու՞մ եք Ամանորի գիշերը, հավատու՞մ եք Ձմեռ պապի գոյությանը: Եթե հավատանք, որ Ամանորի գիշերը երազանքներն իրականանում են, ապա ի՞նչ երազանքներ կպահեիք:
Ցավոք, Ֆինանսների նախարարին տրված չէ Ձմեռ պապուն ապավինելու շռայլությունը: Իմ ցանկությունն ավանդական է` կայուն եւ խաղաղ տարի:
Եթե դիմակահանդես կազմակերպվեր` ի՞նչ կերպարով կմասնակցեիք:
Ի պաշտոնե կամ Ձմեռ պապ պետք է լինեմ, կամ Ձմեռ պապի գանձապահ-պահեստապետը:
Պատրաստեց` Ինգա Մարտինյանը



























