Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Ամանորի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել:
Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Սիրելի զինվորներ, սպաներ, փառապանծ ազատամարտիկներ, սիրելի հայրենակիցներ
Նոր Տարվա նախաշեմին մեզանից յուրաքանչյուրը հետադարձ հայացք է գցում անցնող տարվան, վերլուծում կատարած աշխատանքը եւ ծրագրում հաջորդ տարվա անելիքները: 2011թվականը Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի համար ձեռքբերումների պահպանման եւ թերացումների նվազեցման տարի էր: Անցնող տարում հայոց բանակը պատվով կատարեց իր մարտական խնդիրները եւ ապահովեց մեր ժողովրդի խաղաղ ու անվտանգ արարումը: Արդիական սպառազինությամբ համալրման, միջազգային ռազմական համագործակցության խորացման, ռազմակրթության ոլորտում բարեփոխումների շնորհիվ Զինված ուժերի մարտունակությունը 2011թվականին ավելի է բարձրացել: Հայաստանի Հանրապետության Զինված ուժերն ընդլայնել են իրենց առաքելությունը միջազգային անվտանգության ապահովման գործողություններին` արժանանալով գործընկեր պետությունների բարձր գնահատականին:
2011թվականը դժվարին, բայց արժանապատիվ տարի էր հայոց բանակի համար: Հակառակորդի հետ շփման գծում արձանագրվել է լարվածության շարունակական ավելացում: Պետության սահմանները անառիկ պահելու գործում մեր հաջողությունները ձեռք են բերվել առաջին գծում ծառայություն իրականացնող զինվորների, սպաների ու պայմանագրային ծառայողների հերոսական ծառայության, ինչպես նաեւ թիկունքային ապահովումն իրականացնող ստորաբաժանումների արդյունավետ աշխատանքի շնորհիվ:
Ջերմորեն ողջունում եմ երկրի սահմաններն անառիկ պահող բոլոր զինվորներին, մաղթում նրանց առողջություն եւ նորանոր հաղթական դրվագներ:
Ողջունում եւ խորին շնորհակալություն եմ հայտնում հայոց բանակի բոլոր զինվորների ծնողներին: Սիրելի ծնողներ, հպարտացեք ձեր որդիներով, քանզի ձեր եւ հասարակության մյուս բոլոր անդամների պաշտպանությունը ապահովում են ձեր քաջ որդիները:
Ողջունում ու շնորհակալություն եմ հայտնում նաեւ հայոց բանակի սպաներին: Պարոնայք սպաներ, դուք, որ ձեր կյանքը կապել եք Հայրենիքի պաշտպանության հետ, անցնող տարում պատվով կատարեցիք ձեր ծառայողական պարտականությունները եւ ապահովեցիք Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գործառույթների պատշաճ կատարումը:
Լավագույն բարեմաղթանքներս եմ հղում Արցախյան պատերազմը հաղթանակած ու բանակի ակունքներում կանգնած ազատամարտիկներին: Սիրելի մարտական ընկերներ, ձեր նվիրումի ու զոհաբերության գնով ձեռքբերված հաջողությունները այսօր քաջալերում ու պարտավորեցնում են հայրենիքի սահմանները պաշտպանող զինվորներին:
Սիրելի հայրենակիցներ, 2011թվականը նաեւ դժվարությունների տարի էր: Զինված ուժերում, ցավոք, արձանագրվել են բացթողումներ, սխալներ ու դժբախտ դեպքեր, որոնք երբեմն արժեցել են մարդկային կյանքեր: Մեզ համար յուրաքանչյուր զինվորի կյանքը եւ առողջությունը շատ թանկ է: Այս պահին իմ կարեկցանքի խոսքերն եմ հղում հայրենիքի հանդեպ իրենց պարտքը կատարելիս զոհված զինվորների ծնողներին. գիտակցում եմ, որ նրանց չի կարող սփոփել մահվան ելքով դեպքերի նվազման որեւէ վիճակագրություն: Խոնարհվում եմ հայրենիքի սահմանների պաշտպանության համար իրենց կյանքը զոհած զինվորների հիշատակի առաջ անուն առ անուն:
Զինված ուժերը մարտունակ պահելը ամենօրյա աշխատանք ու դժվարին ծառայություն է պահանջում: Խոսելով անցնող տարում արձանագրված հաջողությունների մասին` չենք կարող չնկատել, որ դեռեւս շատ անելիքներ կան, որպեսզի մեր ժողովրդի համար հպարտություն ու հաղթանակ ապահոված բանակը շարունակի վայելել հասարակության անվերապահ վստահությունը:
Որպես պաշտպանության նախարար, հավաստիացնում եմ, որ պաշտպանական բարեփոխումները կան եւ մնալու են իմ անմիջական ուշադրության ներքո, եւ մենք հասնելու ենք այն շեմին, որը կապահովի մեր ժողովրդի անվտանգ զարգացումը առաջիկա տասնամյակների համար: Այս ամենի համար պետք է ունենանք վստահություն սեփական ուժերի նկատմամբ եւ հավատ ապագայի հանդեպ:
Սիրելի հայրենակիցներ
Սրտանց շնորհավորում եմ ձեզ` Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթում եմ երջանկություն ու լավատեսություն վաղվա օրվա նկատմամբ:
Շնորհավորանքի առանձնահատուկ խոսքեր եմ ուղղում ամանորյա գիշերը մարտական հերթապահություն իրականացնող բոլոր զինծառայողներին` մաղթելով նրանց տոկունություն ու խաղաղ ծառայություն, իսկ նրանց ծնողներին` քաջառողջություն ու բարօրություն:
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ»:




























