Մոսկվայի քննիչները շարունակում են Մայակովսկու անվան թատրոնի դերասան, 40-ամյա Վյաչեսլավ Տիտովի դաժան սպանության գործի հետաքննությունը:
Դերասանի ընկերների կարծիքով` քննիչներն առաջին հերթին պետք է հետաքննեն նրա ինտերնետային կապերը, քանի որ դերասանը շփվող բնավորություն ուներ եւ հաճախ իր տուն էր հրավիրում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող գրեթե անծանոթ տղամարդկանց, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:
Ընկերներից մեկը պատմել է, որ Տիտովը սիրում էր երկար ժամանակ անցկացնել ծանոթությունների կայքերում:
Ընկերները ենթադրում են, որ մարդասպանը Տիտովի տուն է եկել նրա իսկ հրավերով:
Քննիչներն առայժմ հարցաքննում են այն անձանց, որոնց հետ Տիտովը չորեքշաբթի երեկոյան շենքի բակում գարեջուր է խմել: Ենթադրվում է, որ հետո նա կարող էր առանձնանալ նրանցից մեկի հետ իր վարձով բնակարանում:
Քննիչների տվյալներով` սպանությունը կատարվել է դեկտեմբերի 28-ին ժամը 22:00-ի պայմաններում: Սկզբում ծանր առարկայով հարվածել են դերասանի գլխին, հետո` խեղդամահ արել: 12 ժամ անց նրա մարմինը հայտնաբերել է մայրը:
Տիտովի անձնական կյանքում վերջին տարիներին խնդիրներ կային: Նա ամուսնացած է եղել, բայց մի քանի տարի առաջ ամուսնալուծվել է: Նա վեց տարեկան դուստր ունի:
Գործընկերներն ասում են, որ Տիտովը մեծ ստեղծագործական ծրագրեր ուներ, երազում էր Վլադիմիր Իլյիչ Լենինին մարմնավորել:




























