Կյանքից հեռացել  է ամերիկացի դերասանուհի եւ էստրադային երգչուհի Քեյ Սթիվենսը:

Արեւմտյան լրատվամիջոցների հաղորդմամբ` Սթիվենսը մահացել է Օրլանդո քաղաքի հիվանդանոցում, երկարատեւ հիվանդությունից հետո, 79 տարեկան հասակում: Նա տառապում էր կրծքի քաղցկեղից: Կինոյի բնագավառում Սթիվենսի  գործունեությունն սկսվել է 1962թ.: Նա խաղացել է Playboy After Dark (1969) հայտնի հեռուստասերիալի երկու տարեշրջաններում, Family Affair (1971) հեռուստասերիալում եւ այլն: Ընդհանուր առմամբ, նա հոլիվուդյան 20-ից ավելի ֆիլմերում, սերիալներում եւ հեռուստաշոուներում է նկարահանվել:

Սթիվենսին հիշում են 1965թ. Վիետնամում ամերիկացի զինվորների համար տված էստրադային համերգից եւ Ֆրենկ Սինատրայի հետ համատեղ հեռուստաշոուից: Երգչուհին 6 ալբոմ է ձայնագրել, գրում է utro.ru-ն: