2011թ. Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, եթե դիտարկենք օրենսդրության փոփոխության կամ պրակտիկ առումով, ցավոք որեւէ էական ձեռքբերման մասին չենք կարող խոսել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը` որպես դրական քայլ հիշատակելով մի շարք նախաձեռնությունների գոյությունը:
«Մասնավորապես Թռչկանում կառուցվող ՀԷԿ-ի դեմ ակցիան, որը պրակտիկ արդյունք տվեց: Մյուսը «Բանակն իրականում» հասարակական նախաձեռնության շարժումն էր, որի շնորհիվ զինված ուժերում մահացության դեպքերի, կանոնադրական հարաբերությունների խախտման հետեւանքով տուժածների, ընդհանրապես զինված ուժերի հիմնախնդիրների վերաբերյալ սկսվեց բավական լուրջ քննարկում լրատվամիջոցներով, տարբեր փորձագետների ներգրավմամբ, նաեւ ՊՆ ներկայացուցիչների` կապ չունի, թե ինչ գնահատականներով, բայց բավական լայն քննարկում էր, որի արդյունքում իհարկե որոշակի կարծիքների փոփոխություն եղավ, բայց արդյունք չեղավ: Այնուամենայնիվ ես դրանք կանվանեի մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված հասարակական շարժումների արդյունավետ ակտիվություն»:
Իրավապաշտպանը դրական քայլերի շարքին է դասում նաեւ համաներումը. «Նախորդ տարվա համեմատ այս տարի մենք չունեցանք քաղբանտարկյալներ, բացառությամբ Տիգրան Առաքելյանի դեպքը: Դա եւս կգրանցեի որպես դրական զարգացում»:
Ըստ իրավապաշտպանի, 2011թ. կորուստների թիվն անհամեմատալի ավելին է: «Առաջին հերթին զինված ուժերում մահացությունն է, որը, ճիշտ է, թվական առումով նվազել է, բայց կրկին տեղի են ունենում: Ոստիկանական բաժանմունքներում բռնությունների շարունակման պրակտիկան եւս կորուստ եմ համարում»,- նկատեց իրավապաշտանը:
Սաքունցն առանձնակի ակնկալիքներ չունի 2012 թվականից: «Մեզ սպասվում են ԱԺ ընտրություններ, եւ ցավոք 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո մարդու իրավունքների համատարած այդ խախտումները, 10 սպանություների չբացահայտելը, ոստիկանության կողմից ուժի կիրառման ոչ պատշաճ քննությունը, դատարանների անկախության չապահովումը հույսեր փայփայելու շանս չեն թողնում: Այս ամենը ցույց է տալիս, որ նախընտրական ժամանակահատվածում ռեժիմը կրկին իր բոլոր ռեսուրսները կօգտագործի եւ մարդու իրավունքների զանգվածային խախտումների ականատես կլինենք:
Ակնկալիքները ցավոք շատ չեն: Իշխանություններից որեւէ ակնկալիք չունեմ, ակնկալիքներս նախաձեռնություններից է:




























