2011-ին շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսն առաջին անգամ նվաճած Հայաստանի հավաքականի խաղացող Գաբրիել Սարգսյանը համոզված է, որ 2012-ը շատ հետաքրքիր տարի է լինելու: Նա կարեւորում է հաջողության գործոնը եւ ցանկանում, որ այն ուղեկցի բոլորին:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Գաբրիել Սարգսյանը, խոսելով 2011-ի բացթողումների եւ ձեռքբերումների մասին, նշեց. «Մեծ ձեռքբերում էր, որ չեմպիոն դարձանք աշխարհի առաջնությունում, իսկ բացթողումը Եվրոպայի առաջնությունն էր: Մի քիչ դժվար է ասել բացթողում, բայց ուղղակի առաջին տեղը գրավելու ռեալ շանս ունեինք, բայց երեւի հոգեբանորեն պատրաստ չէինք»:
Գաբրիել Սարգսյանի համար ակնկալիքները 2012-ից մեծ են: Դրանք վերաբերում են թե անձնական կյանքին, թե մասնագիտականին:
«Անցնող տարում անձնական կյանքում փոփոխություններ չեն եղել: Ես կարծում եմ, որ շատ հետաքրքիր տարի է սպասվում: Շատ եմ կարեւորում հաջողության գործոնը, քանի որ հաճախ ռեալ շանսեր ունենալով հանդերձ հաջողությունը երես է թեքում եւ ոչինչ չես կարողանում անել: 2012-ին բոլորիս հաջողություն եմ ցանկանում ու համոզված եմ, որ շատ հետաքրքիր տարի է սպասվում: Ինչ վերաբերում է բարեմաղթանքներին, ապա ամենալավն եմ ցանկանում: Թող ամեն ոք ինչ նպատակ դրել է իր առջեւ` համառ լինի իր ցանկություններում ու առաջ գնա` հասնելով դրանց իրականցմանը, իսկ հաջողությունը թող ուղեկցի բոլոր գործերում ու նախաձեռնություններում: Ծայրահեղ դեպքում, եթե չիրականան էլ, ապա գոնե մոտենան իրականացմանը»,- մաղթեց շախմատի աշխարհի չեմպիոն Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը:
Վիշապը հեքիաթներում ոչ միշտ է հանդես գալիս բարի հերոսի դերում, բայց շախմատի կանանց Հայաստանի հավաքականի անդամ, գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը համոզված է, որ 2012-ին Վիշապն իր հետ հաջողություն եւ երջանկություն է բերելու: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Լիլիթ Գալոյանը շնորհավորեց ամբողջ հայությանն Ամանորի ու Սուրբ ծնունդի կապակցությամբ` ցանկանալով, որ այս տարի լինի հաղթանակների եւ նորանոր նվաճումների տարի:
«Սովորաբար վիշապը հեքիաթներում ոչ միշտ է հանդես գալիս բարի հերոսի դերում, բայց հուսով եմ, որ 2012-ին Վիշապը մարդկանց հաջողություն եւ երջանկություն կբերի: Չմոռանանք, որ չինացիների կողմից Վիշապը յուրահատուկ հարգանքի է արժանանում»,- ասաց Լիլիթ Գալոյանը:
Լիլիթ Գալոյանը նախընտրեց չխոսել 2011-ի բացթողումների եւ ձեռքբերումների մասին. «Այն ձեռքբերումները, որ կցանկանայինք ունենալ 2011-ին եւ չունեցանք հենց դրանք էլ կհամարեմ բացթողում»:
Ավելացնենք, որ Լիլիթ Գալոյանը Նոր տարին դիմավորելու է Հայաստանում, ընտանիքի հետ:
Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը




























