Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել:
Ուղերձում մասնավորապես ասված է.
«Սիրելի հայրենակիցներ,
Ավարտվեց եւս մեկ տարի: Շրջվեց մեր պատմության եւս մեկ էջ: Որոնք են անցնող տարվա այն պատմական իրադարձությունները, որոնցով մենք կարող ենք հպարտանալ, որ իրադարձություններն են, որոնցից պետք է ապագայի դասեր քաղել` անցյալի սխալները չկրկնելու համար:
Համոզված եմ, որ տարեվերջի այս օրերին մեզանից յուրաքանչյուրին հուզում են հենց այս հարցերը: Անցնող տարին կարելի է համարել ճգնաժամի հաղթահարման եւ վերականգնման տարի: Ճգնաժամից մենք դուրս եկանք ավելի ուժեղ եւ ավելի պատրաստ դիմակայելու նոր մարտահրավերներին: Յուրաքանչյուրիս ջանքերի շնորհիվ էր, որ հաջողվեց ապահովել տնտեսական աճ:
Անցնող տարում մենք կառուցեցինք ավելի շատ ճանապարհներ, ավելի շատ ջրագծեր: Բիզնես միջավայրի բարելավման նպատակով մենք աջակցություն ցուցաբերեցինք մեր ձեռնարկատերերին: Գյուղատնտեսության զարգացման համար մենք օգնության ձեռք մեկնեցինք գյուղացուն: Տեղeկատվական տեխնոլոգիաների զարգացման նպատակով մենք առավել բարենպաստ պայմաններ ստեղծեցինք ինտերնետի հասանելիության համար: Մենք ջանքեր գործադրեցինք, որպեսզի մեր հասարակության խոցելի խմբերը, տարեցները եւ սահմանափակ կարողություններով քաղաքացիներն ապրեն ավելի լավ: Նախադպրոցական կրթությունը դարձավ անվճար, առողջապահության ոլորտը` ավելի թափանցիկ, վերանորոգվեցին բազմաթիվ դպրոցներ եւ հիվանդանոցներ, աղետի գոտում կառուցվեցին նոր բնակարաններ:
Այս ամենն իհարկե բավարար չէ: Մենք` Հայաստանի քաղաքացիներս, կարող ենք ավելի լավ ապրել եւ արժանի ենք ավելի լավ կյանքի: Սա նշանակում է, որ գալիք 2012 թվականին մենք ավելի շատ գործեր ունենք անելու: Յուրաքանչյուրս պետք է աշխատի ավելի արդյունավետ` պատասխանատվության ավելի բարձր զգացումով:
Հայրենակիցներ,
Մեզ փոփոխություններ են ահրաժեշտ մեր վարքագծում, եւ ինչը պակաս կարեւոր չէ` մեր սպասումներում: Մենք այսօր պետք է սովորենք ապրել նորովի, մի աշխարհում, որտեղ արդարությունը կախված է լինելու ոչ միայն օրենքներից, այլ առաջին հերթին յուրաքանչյուրիս վարքագծից:
Միայն համատեղ ջանքերի շնորհիվ է հնարավոր իրականություն դարձնել մեր երազանքները եւ կառուցել մի երկիր, որը լքած յուրաքանչյուր մարդ կընտրի վերադարձի ճանապարհը:
Սիրելի հայրենակիցներ:
Շնորհավորում եմ բոլորիդ գալիք Ամանորը եւ Սուրբ ծնունդը: Բոլորիս մաղթում եմ խաղաղություն եւ առողջություն: Ընտանիքներին` սեր եւ հոգատարություն: Գյուղացուն` առատ բերք, քաղաքաբնակներին`արդյունավետ եւ հետաքրքիր աշխատանք, մանուկներին ավելի շատ ուրախություն եւ ժպիտ, իսկ տարեցներին`արժանավայել ծերություն:
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ: Աստված մեզ բոլորիս պահապան»:



























