NEWS.am-ը ներկայացնում է Հայաստանին վերաբերող տարվա կարեւորագույն 10 մարզական իրադարձությունները: Մրցաշրջան- 2011-ը պատմության մեջ կմտնի շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականի չեմպիոնությամբ, ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում ազգային հավաքականի գեղեցիկ եւ արդյունավետ խաղով, շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում Լեւոն Արոնյանի անհաջողությամբ, Վիկ Դարչինյանի առաջին չեմպիոնական մենամարտով հայրենիքում, բուռն քննարկումների պատճառ դարձած լավագույն մարզիկների տասնյակով, նաեւ Ռեալ-Բարսելոնա իսպանական սուպերկլասիկոյի յոթ հանդիպումների շարքով, որը Հայաստանում եղավ ամենաթեժ քննարկումների թեման:
2011 թվականին Հայաստանի մարզիկները նվաճեցին 2012թ. Լոնդոնի ամառային Օլիմպիական խաղերի 10 ուղեգիր: Հայաստանի համար 4 ուղեգիր ապահովեց ծանրամարտի տղամարդկանց հավաքականը, 2 ուղեգիր` ծանրամարտի կանանց հավաքականը: Օլիմպիական ուղեգիր ունեն նաեւ հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը, ազատ ոճային ըմբիշ Միհրան Ջաբուրյանը, բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանը եւ հրաձիգ Նորայր Բախտամյանը:
Նշենք նաեւ տեւական դադարից հետո մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի նվաճած առաջին մեդալը: Նժույգաթափում Հարություն Մերդինյանը գրավեց երրորդ տեղը: Նաեւ առաջին անգամ Հայաստանը ոսկե մեդալակիր ունեցավ Համաշխարհային ուսանողական խաղերում: Ծանրորդ Աղասի Աղասյանը բարձրացավ պատվո հարթակ: Առաջին անգամ բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնությունում փոխչեմպիոնի տիտղոսը նվաճեց Արմինե Սինաբյանը:
Տարվա կարեւորագույն 10 մարզական իրադարձությունները
1. Շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականն առաջին անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն: Աշխարհի 8-րդ թիմային առաջնությունում տարած հաղթանակով Հայաստանը նախկին ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ կանգնեց նույն շարքում: Համաշխարհային Օլիմպիադաների կրկնակի չեմպիոն Հայաստանն աշխարհի առաջնությունում հաղթանակ չէր տարել:
Հայաստանի հավաքականը Չինաստանում չկրեց ոչ մի պարտություն: Արշակ Պետրոսյանի գլխավորությամբ աշխարհի առաջնությունում հանդես եկան Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը:
2. Ֆուտբոլի 2012թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականն առաջին անգամ մինչեւ վերջին տուրը պահպանում էր խմբային արգելքը հաղթահարելու հնարավորությունը: B խմբում Հայաստանի հավաքականը Ռուսաստանի, Իռլանդիայի, Սլովակիայի, Մակեդոնիայի եւ Անդորայի թիմերի հետ պայքարում տարավ 5 հաղթանակ, երկու հանդիպում ավարտեց ոչ ոքի, կրեց երեք պարտություն եւ 17 միավորով գրավեց երրորդ տեղը: Դուբլինում կայացած վերջին խաղում իսպանացի մրցավար Իտուրալդե Գոնսալեսի խայտառակ մրցավարության պայմաններում Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով պարտվեց Իռլանդիային եւ զրկվեց անցումային հանդիպումներին մասնակցելու հնարավորությունից: Հայաստանի հավաքականը ընտրական մրցաշարում եղավ ամենաարդյունավետ թիմերից մեկը` խփելով 22 գնդակ:
3. Դորտմունդում, հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում չեմպիոնի տիտղոսը նվաճեց 55 կգ քաշային Ռոման Ամոյանը: 96 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը գրավեց երկրորդ տեղը: Բրոնզե մեդալներ նվաճեցին 120 կգ քաշային Յուրի Պատրիկեեւը եւ 84 կգ քաշային Արթուր Շահինյանը: Ազատ ոճայինների պայքարում 74 կգ քաշային Մուսա Մուրթազալիեւը դարձավ փոխչեմպիոն:
4. Առաջին անգամ հայրենիքում պրոֆեսիոնալ բռցքամարտի չեմպիոնական մենամարտ անցկացրեց Վիկ Դարչինյանը: Նա 12 ռաունդում 119-107, 120-107, 120-107 հաշվով հաղթեց հարավաֆրիկացի Էվանս Մբամբային եւ պաշտպանեց IBO վարկածի չեմպիոնական գոտին թեթեւագույն քաշային կարգում:
5. Կազանում կայացած շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում Լեւոն Արոնյանն անսպասելիորեն չկարողացավ հաղթահարել ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի արգելքը: Հիմնական չորս պարտիաներում գրանցվեց միայն ոչ ոքի, իսկ թայբրեյքում Գրիշչուկը հաղթեց 2,5:1,5 հաշվով:
6. Ըմբշամարտի աշխարհի առաջնությունն այս տարի տեղի ունեցավ Ստամբուլում: Հայաստանի հավաքականը նվաճեց միայն մեկ մեդալ: Հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը գրավեց երրորդ տեղը: Նրանից բացի օլիմպիական ուղեգիր նվաճեց նաեւ ազատ ոճի ըմբիշ Միհրան Ջաբուրյանը, որը գրավեց 5-րդ տեղը:
7. Բաքվում կայացած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը ոչ մի մեդալ չնվաճեց եւ բավարարվեց միայն մեկ օլիմպիական ուղեգրով: 75 կգ քաշային կարգում մինչեւ քառորդ եզրափակիչ հասավ Անդրանիկ Հակոբյանը եւ առայժմ միակ հայ բռնցքամարտիկն է, որ օլիմպիական ուղեգիր է ապահովել:
Հայաստանի բռնցքամարտիկները Բաքվում ելույթ ունեցան հոգեբանական ճնշման տակ: Հայ մարզիկների յուրաքանչյուր մենամարտն ուղեկցվում էր հանդիսականների սուլոցներով եւ վիրավորական արտահայտություններով: Մենամարտերից մեկի ժամանակ էլ «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» ակտիվիստները քարեր նետեցին ռինգի ուղղությամբ: Հայաստանի եւ Ռուսաստանի հավաքականները Բաքվում տեղակայվել էին մյուս թիմերից առանձին` հատուկ պահպանվող մարզաբազայում: Ռուսաստանի հավաքականում հանդես են գալիս Միշա Ալոյանն ու Դավիթ Հայրապետյանը:
8. Կայացավ ֆուտբոլի 2014թ. աշխարհի առաջնության ընտրկան մրցաշարի վիճակահանությունը: Հայտնի դարձան 2014թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները: Բրազիլիայում կայանալիք եզրափակիչ մրցաշարի ուղեգրի համար Հայաստանը կմրցի Իտալիայի, Դանիայի, Չեխիայի, Բուլղարիայի եւ Մալթայի հավաքականների հետ:
9. Տարեվերջին Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի հարցման արդյունքում որոշված լավագույն մարզիկների տասնյակը դարձավ բուռն քննարկումների թեմա: Շատերը հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանի փոխարեն առաջին տեղում ցանկանում էին տեսնել կամ Լեւոն Արոնյանին, կամ Հենրիխ Մխիթարյանին, կամ էլ Արսեն Ջուլֆալակյանին:
10. Ռեալ – Բարսելոնա դիմակայությունը հայկական սպորտին չի վերաբերում, սակայն գրեթե բոլորը կհամաձայնեն, որ շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականի չեմպիոնական ելույթից, Հայաստանում ֆուտբոլի ազգային հավաքականի հանդիպումներից եւ Լեւոն Արոնյանի պարտիաներից հետո իսպանական սուպերկալսիկոն ամենաքննարկվող մարզական իրադարձությունն էր անցնող տարում: Պատմության մեջ առաջին անգամ մեկ օրացուցային տարվա ընթացքում Ռեալն ու Բարսելոնան մրցեցին յոթ պաշտոնական հանդիպումներում: Բոլոր յոթ խաղերից առաջ եւ հետո թիմերի հայ երկրպագուների միջեւ ծավալվում էին հեռակա ճակատամարտեր:



























