ԼՂՀ Պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը հանդես է եկել ամանորյա ուղերձով:
Հարգելի հայրենակիցներ, սիրելի զինվորներ, սերժանտներ, ենթասպաներ, սպաներ եւ գեներալներ, ավարտին է մոտենում 2011 թվականը: Հաշված ժամեր հետո մենք ազգովին կդիմավորենք Ամանորը:
Պարտք ու պատիվ եմ համարում նախ շնորհավորել բոլոր նրանց, ովքեր այս պահին մարտական հերթապահություն են կրում առաջնային գծում եւ ռազմական կարեւորագույն օբյեկտներում, ովքեր ծառայությունը շարունակում են անձնակազմի մշտական տեղակայման վայրերում եւ պատրաստ են ցանկացած պահի կատարել իրենց առջեւ դրված խնդիրը:
Այս տոնական երեկո առանձնակի հարգանքով կցանկանայի հիշել եւ մեծարել բոլոր նրանց հիշատակը, ովքեր իրենց կյանքի գնով կերտեցին հաղթանակ: Փառք ու պատիվ մեր անմահներին, Արցախյան ազատամարտի մասնակիցներին, նրանց ընտանիքներին ու հարազատներին, ողջ հայությանը:
Հավատացած եմ, որ այս երեկո` հայոց օջախներում բացված սեղանների շուրջ ամենաանկեղծ ու հիշարժան կենաց-խոսքը կհնչի հայրենիքի պաշտպանների պատվին: Որովհետեւ նրանք արժանի են նման ուշադրության, որովհետեւ ինչպես ամեն մի տոնական օր, այնպես էլ Ամանորը գեղեցիկ ու բովանդակալից է նախ եւ առաջ մեր երեկվա զինակիցների եւ այսօրվա զինվորի վաստակած ու պահպանվող խաղաղությամբ:
Ավարտելով խոսքս, թույլ տվեք բանակի հրամանատարության եւ անձամբ իմ անունից հավաստիացնել, որ մեր զինված ուժերը մշտապես պատրաստ են իրականացնելու պետական անվտանգության ապահովման պատվավոր առաքելությունը եւ, միաժամանակ, շնորհավորել Պաշտպանության բանակի ողջ անձնակազմին, Արցախյան ազատամարտում նահատակված եւ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին ու ողջ հայությանը Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների առթիվ: Թող յուրաքանչյուրիս համար 2012 թվականը լինի համազգային իղձերի եւ նպատակների իրագործման տարի:
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ:



























