Ուրբաթ՝ մայիսի 2-ին, ավարտվել են KILP լայնածավալ համատեղ զորավարժությունները, որոնք մեկնարկել էին շաբաթվա սկզբին Էստոնիայի Իդա-Վիրումաա նահանգում, հաղորդում է ERR-ը։

Զորավարժությունների պատճառով երեք օր փակ է եղել «Նարվա-1» սահմանային անցակետը։

Շաբաթ օրը սահմանային անցակետը սկսել է աշխատել սովորական ռեժիմով, և Նարվայում կրկին Էստոնիայի և ՌԴ պետական սահմանը հատել ցանկացողների հերթեր են գոյացել։

Էստոնական լրատվամիջոցի տվյալներով, ուժայինների և զինվորականների զորավարժություններն ուղղված էին տարբեր իրավիճակներում համակարգված գործողությունների մշակմանը՝ սկսած առօրյա միջադեպերից և հանրային անվտանգության սպառնալիքներից մինչև ազգային ճգնաժամի և նախապատերազմական իրավիճակի սցենարները։

«Սա մեր կայունության և ճգնաժամերին պատրաստվածության ամրապնդման կարևոր մասն է։ Որքան լավ է կարգավորված ծառայությունների միջև փոխգործակցությունը խաղաղ ժամանակ, այնքան ավելի արդյունավետ կլինի պաշտպանությունն իրական սպառնալիքի դեպքում», - նշել են ուժային կառույցների ղեկավարությունում։

Բոլոր մասնակից կառույցների ներկայացուցիչներն ընդգծել են իրական փոխգործակցության արժեքը և շնորհակալություն հայտնել տեղի բնակիչներին զորավարժությունների ընթացքում ցուցաբերած ըմբռնման և աջակցության համար։