Ուրբաթ Կալիֆոռնիայի դաշնային դատավորը ժամանակավորապես արգելափակել է ԱՄՆ դաշնային կառավարության անձնակազմի կրճատման եւ 21 գերատեսչությունների ու գործակալությունների վերակազմակերպման ծրագրերը, ինչը մեծ ձախողում է Դոնալդ Թրամփի վարչակազմի աշխատուժի կրճատման ծրագրերի հարցում, հաղորդել է NBC News-ը:
«Նախագահն իրավասու է փոփոխություններ մտցնել գործադիր ճյուղի գերատեսչություններում, բայց նա պետք է դա անի օրինական միջոցներով, իսկ խոշոր վերակազմավորումների դեպքում՝ օրենսդիր մարմնի հետ համագործակցությամբ»,- գրել է դատավոր Սյուզան Իլսթոնը իր կարգադրությունում՝ օրվա սկզբին խնդրի վերաբերյալ փաստարկները լսելուց հետո:
«Բազմաթիվ նախագահներ արդեն դիմել են նման համագործակցության համար, ոչինչ չի խանգարում նախագահին դիմել այդ համագործակցության համար, ինչպես նա արել է իր նախորդ պաշտոնավարման ժամանակ: Ավելին, դատարանը կարծում է, որ նախագահը, հավանաբար, պետք է փնտրի Կոնգրեսի համագործակցությունը, որպեսզի կատար այն փոփոխությունները, որոնք ցանկանում է, եւ, հետեւաբար, ժամանակավոր արգելման հրաման արձակի աշխատուժի զանգվածային կրճատումն առայժմ դադարեցնելու համար», - ասել է նա:
Ժամանակավոր արգելքը, որն ուժի մեջ է երկու շաբաթով, դադարեցնում է կառավարության արդյունավետության վարչության (DOGE) աշխատուժի օպտիմալացման նախաձեռնությունը 21 գերատեսչություններում եւ գործակալություններում: Հրամանում ներառված են նաեւ անձնակազմի կառավարման գրասենյակի եւ DOGE-ի կողմից նույն նպատակով տրված ծառայողական գրառումները:
Իլսթոնը, որին նշանակել է դեռ նախագահ Բիլ Քլինթոնը, նշել է, որ կարծում է, որ չկա որեւէ օրենք, որը անձնակազմի կառավարման գրասենյակին, կառավարման եւ բյուջեի գրասենյակին կամ DOGE-ին այլ դաշնային գործակալություններին լիազորություններ կտա ուղղորդելու խոշոր կրճատումներ իրականացնել, վերակազմավորել կամ լուծարվել:
Թեեւ հազարավոր դաշնային աշխատակիցներ, որոնք աշխատում են գերատեսչություններում եւ գործակալություններում ամբողջ երկրում, աշխատանքից ազատվել են հունվարին Թրամփի պաշտոնը ստանձնելուց հետո, վարչակազմը չի հրապարակել տուժած աշխատակիցների ճշգրիտ թիվը:
Վարչություններն ու գործակալությունները, որոնց արգելվում է կրճատել կամ վերակազմավորել անձնակազմը, ներառում են DOGE-ն, կառավարման եւ բյուջեի գրասենյակը, անձնակազմի կառավարման գրասենյակը եւ բնակարանային եւ քաղաքաշինության, ներքին գործերի եւ տրանսպորտի վարչությունները:





























