Պակիստանը հայտարարել է, որ շաբաթ օրը հրավիրել է իր միջուկային զինանոցը վերահսկող բարձրագույն մարմնի նիստ այն բանից հետո, երբ վաղ առավոտյան ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ՝ թիրախավորելով մի քանի բազաներ, այդ թվում՝ հրթիռների պահեստը Հնդկաստանի հյուսիսում, նշվել է միջուկային զինանոցը վերահսկող բարձրագույն մարմնի նիստում, հաղորդել է Reuters-ը:

Պակիստանի բանակը նաեւ հայտնել է, որ երկրի վարչապետը հրավիրել է Ազգային հրամանատարական խորհրդի՝ քաղաքացիական եւ ռազմական պաշտոնյաների բարձրագույն մարմնի նիստ, որը վերահսկում է երկրի միջուկային զինանոցի վերաբերյալ որոշումների կայացումը:

Պակիստանի պլանավորման նախարար Ահսան Իքբալը հայտնել է, որ «հակամարտության սրումը փորձություն է դարձել միջազգային հանրության համար»։

«Մենք չէինք ցանկանա տեսնել այդ (միջուկային) շեմի խախտումը»,- ասել է նա։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ առավոտյան զանգահարել է Պակիստանի ցամաքային զորքերի ղեկավար Ասիմ Մունիրին, հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտը։

«Նա շարունակել է հորդորել երկու կողմերին գտնել դեէսկալացիայի ուղիներ եւ առաջարկել է ԱՄՆ աջակցությունը կառուցողական բանակցություններ սկսելուն՝ ապագա հակամարտություններից խուսափելու համար»,- ասել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Թեմի Բրյուսը:

Վերլուծաբանները նշել են, որ Ազգային հրամանատարության նիստը ահազանգել է տագնապալի էսկալացիայի մասին:

«Դա փափուկ միջուկային ուղերձ է, բայց այն նաեւ համահունչ է Պակիստանի միջուկային առաջին դոկտրինին եւ իրատեսական արտացոլումն է այն բանի, թե որտեղ ենք մենք գտնվում էսկալացիայի գործընթացում, որը բավական բարձր է երկու կողմերի միջեւ բազմաթիվ բախումներից հետո եւ նաեւ աննախադեպ»,- նշել է Հարավային Կորեայի Ասիայի միջուկային քաղաքականության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ասֆանդյար Միրը:

Պահալգամի հարձակումներից հետո հնդկական բանակը հայտարարել է, որ Պակիստանը շարունակում է Հնդկաստանի արեւմտյան սահմանի երկայնքով անօդաչու թռչող սարքերի եւ այլ զինամթերքի «բացահայտ կիրառումը», եւ որ իր թշնամու ծրագրերը կխափանվեն: