ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացը խախտել է ընթացակարգը՝ չօգտագործելով սեփական թարգմանիչ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բարձրամակարդակ երեք հանդիպումների ժամանակ, փոխարենը նախընտրել է ապավինել Կրեմլի թարգմանիչներին, հաղորդել է NBC News-ը՝ հղում կատարելով բանակցություններին ծանոթ ամերիկացի եւ արեւմտյան պաշտոնյաներին:
Սթիվ Ուիթքոֆը, որին հանձնարարվել էր բանակցություններ վարել Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ, փետրվարի 11-ին, մարտի 13-ին եւ ապրիլի 11-ին Սանկտ Պետերբուրգում մի քանի ժամ հանդիպել է Պուտինի հետ եւ «օգտվել նրանց թարգմանիչների ծառայությունից», ասել է արեւմտյան պաշտոնյաներից մեկը:
«Եթե նրանք միմյանց հետ ռուսերեն են խոսում, նա չի հասկանում, թե ինչի մասին են խոսում»,- ավելացրել է պաշտոնյան՝ նկատի ունենալով Պուտինին եւ թարգմանիչներին։ Ինքը՝ Ուիթքոֆը, ռուսերեն չի խոսում։
Օգտագործելով Կրեմլի թարգմանիչներին՝, նա ռիսկի է դիմել Պուտինի հաղորդագրություններում որոշ նրբերանգներ բաց թողնելու հարցում եւ չի կարողացել ինքնուրույն ստուգել, թե ինչ են իրեն ասում:
Ինչպես նշել է լրատվամիջոցը, ապրիլի 25-ի հանդիպմանը Ուիթքոֆին ուղեկցել են Պուտինի հատուկ խորհրդական Յուրի Ուշակովը, որը 1998-2008թթ. եղել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը, եւ ներդրումների եւ տնտեսական համագործակցության հարցերով նրա հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիեւը։
Պուտինի թիմին մի թարգմանիչ է միացել։ Կրեմլի կողմից հրապարակված հանդիպման կարճ տեսանյութում երեւում է, թե ինչպես է ժպտացող Ուիթքոֆը մենակ մտնում սենյակ, ապա սեղմում Պուտինի ձեռքը, որը նույնպես լայն ժպտում է:
Ըստ երեւույթին, Ուիթքոֆին չի ուղեկցում խորհրդականներից եւ փորձագետներից որեւէ մեկը, որոնք սովորաբար օգնում են ամերիկացի պաշտոնյաներին վարել նուրբ եւ բարդ բանակցությունները: Երբ մի կին միացավ Ուիթքոֆին սեղանի շուրջ, նա ցույց տվեց նրան եւ ասաց. «Թարգմանի՞չ։ Դեսպանությունի՞ց։ Լավ»։ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհուրդը եւ Ուիթքոֆի թիմը չի կարողացել նույնականացնել կնոջը, երբ NBC News-ը հարցրել է այդ մասին։
Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլն ասել է, որ Կրեմլի թարգմանիչ օգտագործելը «շատ վատ գաղափար է», որը Ուիթքոֆին «իսկապես աննպաստ» վիճակի մեջ է դնում:
«Ես խոսում եմ ռուսերեն եւ լսել եմ Կրեմլի եւ ամերիկացի թարգմանիչներին միեւնույն հանդիպման ժամանակ, եւ լեզուն երբեք նույնը չէ»,- ասել է Մաքֆոլը՝ պատասխանելով լրատվամիջոցների հարցմանը:
«Ամերիկացի թարգմանիչ ունենալը նաեւ ապահովում է հանդիպման ավելի ճշգրիտ գրավոր արձանագրում կառավարության մնացած անդամների համար, որը հայտնի է որպես խոսակցության հուշագիր կամ «memcon»»,- ասել է այժմ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Մաքֆոլը:
«Յուրաքանչյուր հանդիպման վերջում, որին մասնակցում էի, ես ստուգում էի թարգմանչի հետ՝ համոզվելու, որ մենք ամեն ինչ ճիշտ ենք լսել, «memcon»-ը ճշգրիտ փոխանցելու համար»: Չի կարելի դա անել՝ օգտագործելով ռուս պաշտոնյայի»,- ավելացրել է նա։





























