Ամերիկացի ֆիզիկոս և միջուկային զենքի մասնագետ Ռիչարդ Գարվինը, ով ստեղծել է առաջին ջրածնային ռումբի նախագիծը, մահացել է Միացյալ Նահանգներում 97 տարեկան հասակում։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը (NYT)՝ հղում անելով գիտնականի որդուն։
Հրատարակության տվյալներով՝ Գարվինը մահացել է մայիսի 13-ին Նյու Յորք նահանգի Սքարսդեյլ փոքրիկ քաղաքում գտնվող իր տանը։
Ինչպես նշում է NYT-ը, գիտնականի ներդրումը ռումբի ստեղծման գործում երկար ժամանակ մնաց ստվերում։ Միևնույն ժամանակ, հենց Գարվինին էր հանձնարարվել մշակել և պատրաստել իր տեսական աշխատանքի կոնկրետ ինժեներական իրականացում, որը ստեղծվել էր մաթեմատիկոս Ստանիսլավ Ուլամի հետ համատեղ։ Գիտնականը նաև աշխարհի առաջին լրտեսական արբանյակներից մի քանիսի մշակողն էր, աշխատել է Պենտագոնի համար հետախուզական համակարգերի ստեղծման վրա, ինչպես նաև զգալի ներդրում է ունեցել համակարգչային տեխնոլոգիաների զարգացման գործում՝ աշխատելով ամերիկյան IBM կորպորացիայում։
Աշխարհում ջրածնային ռումբի առաջին հաջող փորձարկումը տեղի է ունեցել 1952 թվականի նոյեմբերի 1-ին Էնևետակ ատոլում՝ «Այվի Մայք» կոդային անվամբ։ Ամերիկյան ջրածնային ռումբի մշակումը իրականացվել է խորհրդային ռումբի հետ զուգահեռ։ ԽՍՀՄ-ում առաջին ջրածնային ռումբի՝ RDS-6-ի փորձարկումները, որոնք մշակվել էին Անդրեյ Սախարովի և Յուլի Խարիտոնի գլխավորությամբ գիտնականների կողմից, տեղի ունեցան 1953 թվականի օգոստոսի 12-ին Սեմիպալատինսկի փորձադաշտում։




























