Օդաչուների գործադուլի պատճառով իսպանական Iberia ավիաընկերությունը հունվարի 9-ին 109 չվերթ է չեղյալ հայտարարել: Հունվարի 11-ի եւս 104 ներքին չվերթներ են չեղյալ հայտարարվել, ասվում է ավիափոխադրող ընկերության հաղորդագրությունում: Գործադուլի արդյունքում 23 հազար ուղեւորներ ստիպված են եղել հետ վերադարձնել գնված տոմսերը եւ օգտվել տրանսպորտային այլ միջոցներից:
Միաժամանակ, օդաչուների արհմիությունը հաղորդում է, որ կասեցվել են ընդհանուր առմամբ 267 չվերթներ (138-ը հունվարի 9-ին, 129-ը` հունվարի 11-ին):
Վերջին ժամանակներում օդաչուների թվով երրորդ գործադուլի պատճառը բյուջետային նոր Iberia Express ընկերություն հիմնելու ավիաընկերության ղեկավարության որոշումն է: Վերակազմավորված ընկերությունը մոտ եւ միջին տարածությունների չվերթներ կիրագործի, ինչը թույլ կտա տնտեսել 100 մլն եվրո:
Օդաչուների Iberia արհմիությունը կարծում է, որ այդ բացատրություններն իրականությանը չեն համապատասխանում: Նրանց կարծիքով` ցածր բյուջեով ստորաբաժանման ստեղծումը 5 հազար աշխատատեղի կրճատման եւ 70 մլն եվրոյի կորստի կհանգեցնի, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:



























