Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) զինծառայողները նախազգուշական կրակոցներ են արձակել օդ, երբ օտարերկրյա դիվանագետների խումբը շրջայց էր կատարում Հորդանան գետի Արևմտյան ափի Ջենին քաղաքում, հաղորդում է Times of Israel-ը։
Միջադեպի տեսագրություններում, որոնք հրապարակել է Պաղեստինի արտաքին գործերի նախարարությունը, երևում է, թե ինչպես են տասնյակ մարդիկ, ներառյալ լուսանկարիչները, գտնվում Ջենինում բանակային անցակետից ոչ հեռու։
Երևում է, թե ինչպես են զինվորները Ջենինի փախստականների ճամբարից օդ կրակում, ինչից հետո խումբը հետ է փախչում դեպի իրենց մեքենաները։ Տուժածների մասին հաղորդումներ չկան։ Իսրայելի պաշտպանության բանակն առայժմ որևէ կերպ չի մեկնաբանել այս միջադեպը։
Պաղեստինյան Wafa լրատվամիջոցի տեղեկություններով, պատվիրակության կազմում եղել են դիվանագետներ Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Իսպանիայից, Ռուսաստանից, Եվրոպական միությունից, Եգիպտոսից, Հորդանանից, Մարոկկոյից, Պորտուգալիայից, Չինաստանից, Ավստրիայից, Բրազիլիայից, Բուլղարիայից, Թուրքիայից, Լիտվայից, Լեհաստանից, Թուրքիայից, Ճապոնիայից, Ռումինիայից, Մեքսիկայից, Շրի Լանկայից, Կանադայից, Հնդկաստանից, Չիլիից և մի շարք այլ երկրների ներկայացուցիչներ։