ԱՄՆ-ի համար լավագույն նախագահ կարող էր լինել ռոբոտը: Իր նոր հոդվածում նման եզրահանգման է եկել Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն: Հոդվածը հենց այդպես էլ վերնագրված է. «ԱՄՆ-ի համար լավագույն նախագահը»:
Ֆիդելը համոզմունք է հայտնում, որ ընտրելու իրավունք ունեցող ամերիկացիների 90%-ը, հատկապես` իսպանալեզու, սեւամորթ, աճող միջին խավի եւ սնանկացած մարդիկ, կքվեարկեն ռոբոտի օգտին:
Կուբայի առաջնորդին նման մտքի է հանգեցրել ուլտրաբարակ էլեկտրական մալուխի ստեղծման մասին հաղորդագրությունը, որը տասը հազար անգամ բարակ է մարդու մազից:
Հանուն մարդկության կատարվող գիտական հետազոտությունների մասին մտորումները Կաստրոյին հեռու են տանում. նա իր վերլուծություններում հասնում է Բարաք Օբամային, ԱՄՆ նախագահի բոլոր թեկնածուներին եւ չհուսադրող եզրահանգումներ անում. «Ես պատկերացրի խոսքերը ճիշտ դասավորող Օբամային, որի համար վերընտրվելու հուսահատ ջանքեր գործադրելիս առավել կարեւորվում են Մարտին Լյութեր Քինգի երազանքները, քան թե շրջակա մոլորակի վիճակը»:
Եւ շարունակում է. «Իրավիճակն առավել վատթար է. կոնգրեսական-հանրապետականներից յուրաքանչյուրն, ով ընդունակ է հաղթել նախագահական մրցավազքում, թիկունքին ավելի շատ միջուկային ռումբ ունի, քան գլխում խաղաղ ծրագրեր»:
«Միթե ակնհայտ չէ, որ ամենավատը Սպիտակ տանը ռոբոտի բացակայությունն է, որը ունակ կլինի ղեկավարել Միացյալ Նահանգները եւ մեր կյանքին սպառնացող պատերազմ թույլ չտալ»,- հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:



























