ԵՄ գլխավոր դիվանագետ Կայա Կալլասը հայտարարել է, որ «անընդունելի է» այն, որ իսրայելական բանակը կրակ է բացել դիվանագիտական պատվիրակության մոտակայքում, որի կազմում եղել են եվրոպացի պաշտոնյաներ, որոնք այցելել են Արևմտյան ափ։ Այս մասին հաղորդում է Politico-ն։

Խումբն այցելել է պաղեստինյան Ջենին քաղաքի փախստականների ճամբար, սակայն շեղվել է «հաստատված երթուղուց» և «մտել է գոտի, որտեղ նրանց թույլատրված չէր գտնվել», ասվում է Իսրայելի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որից հետո իսրայելական զորքերը «նախազգուշական կրակոցներ» են արձակել՝ նրանց վախեցնելու համար։

«Դիվանագետների կյանքին ուղղված ցանկացած սպառնալիք անընդունելի է»,-  հայտարարել է Կալլասը՝ հավելելով, որ անգամ նախազգուշական կրակոցները «նույնպես կրակոցներ են», և որ մեղավորները պետք է «ենթարկվեն պատասխանատվության»։

«Իսրայելի պաշտպանության բանակը ցավում է պատճառված անհարմարությունների համար», — հայտարարել են Իսրայելում՝ հավելելով, որ կանցկացվի հետաքննություն, և ներգրավված երկրները կտեղեկացվեն դրա արդյունքների մասին։

Այցը կազմակերպած Պաղեստինյան վարչակազմի տվյալներով, դիվանագետների թվում եղել են պատվիրակներ ԵՄ-ից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Կանադայից, Ռուսաստանից, Չինաստանից և այլ երկրներից։

«Ջենին կատարած այցը, որին մասնակցել է մեր դիվանագետներից մեկը, գնդակոծվել է իսրայելցի զինվորների կողմից։ Դա անընդունելի է», — հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն՝ հավելելով, որ Ֆրանսիան կկանչի Իսրայելի դեսպանին «բացատրություններ տալու համար»։

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունն իր հայտարարության մեջ խստորեն դատապարտել է «չհրահրված գնդակոծությունը»։ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հեռախոսազրույց է ունեցել տեղում գտնվող դիվանագետների հետ և խնդրելու է իր իսրայելցի գործընկերոջը «պարզաբանել հանգամանքները»։

Բելգիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Մաքսիմ Պրևոն հայտարարել է, որ միջադեպում ներգրավված է եղել նաև բելգիացի դիվանագետ։ «Բարեբախտաբար, նրա հետ ամեն ինչ կարգին է», — ասել է նա՝ հավելելով, որ «Բելգիան Իսրայելից համոզիչ բացատրություններ է պահանջում»։

Սոցիալական ցանցերում Պաղեստինյան վարչակազմի կողմից հրապարակված միջադեպի կադրերում երևում է, թե ինչպես են պատվիրակության անդամները փախչում թաքստոց, երբ կրակոցներ են հնչում։

Միջադեպը տեղի է ունեցել այն բանից մեկ օր անց, երբ Կալլասը հայտարարել է, որ ԵՄ-ն կվերանայի Իսրայելի հետ իր քաղաքական և տնտեսական համաձայնագիրը Գազայի հատվածում վերջինիս ռազմական հարձակման և դրան հաջորդած պաշարված առափնյա անկլավում հումանիտար աղետի կապակցությամբ։

Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին սոցիալական ցանցերում հայտնել է, որ կանչել է Հռոմում Իսրայելի դեսպանին «Ջենինում տեղի ունեցածի վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ ստանալու համար»։

Իսպանիան, Պորտուգալիան և Կանադան նույնպես կանչել են Իսրայելի դեսպաններին իրենց երկրների արտաքին գործերի նախարարություններ։