Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ վճռական բողոք է հայտնել Իսրայելին՝ կապված այն միջադեպի հետ, երբ իսրայելցի զինվորականները «նախազգուշական» կրակոցներ են արձակել դիվանագիտական պատվիրակության ուղղությամբ, որի կազմում եղել են նաև ճապոնացի դիվանագետներ, որոնք երեկ այցելել էին Հորդանան գետի Արևմտյան ափին գտնվող փախստականների ճամբար, հաղորդում է Associated Press-ը։

Արտաքին գործերի փոխնախարար Տակեհիրո Ֆունակոշին կանչել է Իսրայելի դեսպան Գիլադ Քոհենին՝ պահանջելով մանրամասն բացատրություններ տալ և կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել։

Ֆունակոշին Գիլադին հայտարարել է, որ միջադեպը «խորը ափսոսանք է պատճառում և չպետք է տեղի ունենար»։

Երեկ պաղեստինյան և իսրայելական լրատվամիջոցները հաղորդել են, որ Հորդանան գետի Արևմտյան ափի Ջենին քաղաք մի շարք երկրների օտարերկրյա դիվանագետների այցի ժամանակ իսրայելցի զինվորները կրակ են բացել նրանց ուղղությամբ։

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն հայտնել է, որ պատվիրակության կազմում եղել է նաև ֆրանսիացի դիվանագետ և բողոք է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ։

Իր հերթին Թուրքիայի ԱԳՆ-ն պահանջել է հետաքննություն անցկացնել տեղի ունեցածի վերաբերյալ։