Լոնդոնը պատրաստ է Շոտլանդիայի իշխանություններին անկախության հռչակման  հանրաքվեն նախանշված ժամկետից շուտ անցկացնելու իրավունք տրամադրել: Այդ մասին Sky News հեռուստաալիքին տրված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը:

Հանրաքվեն որոշվել էր անցկացվել 2014 թվականին, բայց Քեմերոնը հայտարարել է, որ Շոտլանդիայի ապագա կարգավիճակի անորոշությունը խնդիրներ է առաջ բերում բիզնեսի ոլորտում:

 «Հանրաքվեի հետաձգումը մեծ վնաս է հասցնում Շոտլանդիային, քանի որ բիզնեսը հեռանկարները չի տեսնում, այսինքն` արդյոք Մեծ Բրիտանիան կմնա միասնական: Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ տրամաբանական կլինի ինչքան կարելի է շուտ կոնկրետ գործողությունների համար հարցադրում դնել Շոտլանդիայի ժողովրդի առջեւ», - ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:

Շոտլանդիայի ազգային կուսակցությունը (SNP), հաղթելով 2011թ. շոտլանդական խորհրդարանի վերջին ընտրություններում, խոստացել է հարցը քվեարկության դնել ներկայիս գումարման խորհրդարանի աշխատանքների հնգամյա ժամկետի ավարտին մոտ ժամանակահատվածում` 2014թ.:

Այսօր` հունվարի 9-ին, կառավարությունը կքննարկի մոտակա 1,5 տարիներին հանրաքվե անցկացնելու հավանականությունը: Ինչպես սպասվում է, Դաունինգ սթրիթը կհայտարարի, որ առանց Լոնդոնի հաստատման, հանրաքվեն իրավաբանական ուժ չի ունենա: Լոնդոնը պատրաստ է քվեարկության թույլտվություն տալ, բայց, հավանաբար, որոշակի պայմաններ կառաջադրի, հավանական է, որ թույլ կտա պատասխանի միայն երկու տարբերակ թողնել`առանձնանալուն կողմ կամ դեմ լինելու մասին, բայց կհանի Շոտլանդիայի ինքնիշխանության լիազորություններն ընդլայնելու կետը:

Հանրաքվեի` նախատեսված ժամկետից շուտ անցկացումը ձեռնտու է պահպանողականներին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հանրային հարցումների մեծամասնությունը ցույց է տալիս, որ ներկայումս շոտլանդացիներն առավելապես կողմ են հենց ինքնիշխանության ընդլայնմանը, քան թե անկախություն ձեռք բերելուն: