«Ժառանգություն» կուսակցությունը դեռ չի հստակեցրել 2012 թվականի իր քաղաքական ծրագիրը: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, հավելելով, որ այդ եւ այլ արդիական հարցեր կուսակցությունը կքննարկի իր արտահերթ համագումարում: Նրա խոսքով, համագումարի նախապատրաստական աշխատանքներին զուգահեռ, «Ժառանգության» անդամները կվերսկսեն Հայաստանի մարզեր կատարվող իրենց այցելությունները:

Միաժամանակ, Սաֆարյանը դժվարացավ համագումարի անցկացման կոնկրետ ամսաթիվ նշել, դա պատճառաբանելով տեխնիկական խնդիրներով: «Պետք է պայմանավորվել դահլիճի մասին, բացի այդ, կուսակցությունը ներսից պետք է պատրաստ լինի համագումարին, ինչը շատ կարեւոր է»,-ասաց նա:

Ստյոպա Սաֆարյանի ներկայացմամբ, համագումարին կքննարկվեն ինչպես ներկուսակցական, այնպես էլ կուսակցության ընդհանուր գործունեությանը վերաբերող հարցեր: «Արդեն երկար ժամանակ է, որ «Ժառանգությունն» աշխատում է իր գործունեության հիմնական ուղղությունների լրացման վրա: Բացի այդ, խորը վերլուծություն կկատարվի 2012-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների հետ կապված»,-նշեց Սաֆարյանը, բացառելով կադրային փոփոխությունները կուսակցության ղեկավար մարմիններում:

Այլ քաղաքական ուժերի, մասնավորապես «Ազատ Դեմոկրատների» հետ միավորվելու մասին հարցին անդրադառնալով, «Ժառանգության» պատգամավորն ասաց, այս պահին ձեւաչափի մասին որոշում չի կայացվել: «Սակայն «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հստակ ասել է, որ պատրաստ է քննարկել համագործակցության մասին հարցը: «Ժառանգությունը» միշտ եղել է այն ուժը, որը ձգտում է ընտրություններին մասնակցել լայն ձեւաչափով»,-ամփոփեց նա: