Statoil նորվեգական խումբը նավթային խոշոր հանքավայր է հայտնաբերել Բարենցի ծովում: Այդ պաշարները գնահատվում են 3 հարյուր միլիոն բարել, հաղորդվում է ընկերության մամուլի հաղորդագրությունում: Նոր նավթային հանքավայրը ստացել է Havis անվանումը:

Դա արդեն նավթային երկրորդ խոշոր հանքավայրն է, որը վերջին ամիսների ընթացքում հայտնաբերվել է Բարենցի շելֆում: Ավելի վաղ ընկերությունը հայտարարել էր Skrugard հանքավայրի հայտնաբերման վերաբերյալ, որն իր պաշարներով հավասարվում է Havis-ի չափերին:

Բարենցի ծովում նավթի եւ գազի արտահանմանը հավակնում են ռուսական եւ նորվեգական ընկերությունները: 2011-ի կեսերին լրատվամիջոցները հաղորդել են, որ 2013-ին Ռուսաստանը եւ Նորվեգիան պատրաստվում են նավթ եւ գազ ստանալ արկտիկյան շելֆում:

Նավթային պաշարներից բացի, այդ ծովի շելֆում գտնվում են նաեւ գազային հանքեր: Դրանցից խոշորագույնը Շտոկմանովսկն է: Դրա պաշարները գնահատվում են 3,8 տրիլիոն կուբամետր բնական գազի եւ 37 միլիոն տոննա գազային կոնդենսատի չափով, գրում է Lenta.ru-ն: