Առևտրային սակագների շուրջ վեճի շուտափույթ կարգավորումը բխում է ԱՄՆ շահերից, կիրակի օրը հայտարարել է Գերմանիայի ֆինանսների նախարար Լարս Քլինգբայլը, հաղորդում է Reuters-ը։
Դեէսկալացիայի շրջանից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը կրկին սրել է լարվածությունը՝ պնդելով հունիսի 1-ից Եվրամիության 27 երկրներից ներկրվող ապրանքների վրա 50 տոկոսանոց մաքսատուրքերի սահմանումը։
Ըստ պաշտոնական տվյալների՝ անցյալ տարի Գերմանիան ԵՄ-ից ԱՄՆ խոշորագույն արտահանողն է եղել՝ այնտեղ ուղարկելով 161 միլիարդ եվրոյի ապրանք։ Այս կապակցությամբ Քլինգբայլը գերմանական ARD հանրային հեռուստաալիքին հայտարարել է, որ սակագները սպառնում են ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Գերմանիայի տնտեսություններին։
«Մենք չպետք է տրվենք սադրանքներին, այլ պետք է կենտրոնանանք նրա վրա, թե ինչն է դրված խաղասեղանին։ Մենք ցանկանում ենք ԱՄՆ-ի հետ համատեղ լուծում... և ես ուզում եմ այստեղ շատ հստակ հայտարարել, որ դա նաև բխում է ԱՄՆ շահերից, - ասել է նա հարցազրույցում։ - ԱՄՆ-ից ստացվող բոլոր տվյալները, որոնք վերաբերում են դոլարի փոխարժեքին և ամերիկյան պարտատոմսերին, ցույց են տալիս, որ նրանք ևս պետք է շահագրգռված լինեն մեզ հետ համագործակցելու հարցում»։
Սպիտակ տունը կասեցրել է սակագների մեծ մասի գործողությունը, որոնք Թրամփը հայտարարել էր ապրիլի սկզբին աշխարհի գրեթե բոլոր երկրների դեմ, այն բանից հետո, երբ ներդրողները վաճառեցին ԱՄՆ ակտիվները, ներառյալ պետական պարտատոմսերը և ԱՄՆ դոլարը։
Թրամփն ուժի մեջ է թողել ներմուծվող ապրանքների մեծ մասի համար 10%-անոց բազային հարկը, իսկ ավելի ուշ չինական ապրանքների համար 145%-անոց հարկը նվազեցրել է մինչև 30%։ ԵՄ-ից ներկրվող ապրանքների վրա 50%-անոց հարկը կբարձրացնի սպառողական գները Միացյալ Նահանգներում, հատկապես գերմանական մեքենաների, դեղագործական պատրաստուկների և սարքավորումների համար։