Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել Հորդանան գետի արեւմտյան ափին 22 նոր հրեական բնակավայրերի կառուցմանը պաշտպանության նախարար Իսրայել Կացի եւ ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչի համատեղ նախաձեռնության շրջանակում։ Այս մասին հայտնել է Jerusalem Post թերթը։
Պարբերականը նշել է, որ հաստատված ծրագիրը ներառում է նախկինում տարհանված տարածքներում բնակավայրերի հիմնում եւ Հորդանանի հետ սահմանի երկայնքով չորս նոր բնակավայրերի ստեղծում։ Կառավարության որոշումն ուղղված է բնակավայրերի ենթակառուցվածքի ընդլայնմանը եւ Իսրայելի ռազմավարական դիրքերի ամրապնդմանն այդ տարածքում, նշել է թերթը։ Նրա խոսքով՝ ծրագիրը ներառում է նաեւ հյուսիսային Արեւմտյան ափում բնակեցման գործունեությունը վերսկսելու ծրագրեր։
«Շալոմ ախշավ» իրավապաշտպան կազմակերպության տվյալներով, որը վերահսկում է Իսրայելում բնակավայրերի գործունեությունը, միայն 2025թ. առաջին եռամսյակում Իսրայելի իշխանությունները հավանություն են տվել Հորդանան գետի արեւմտյան ափի բնակավայրերում ավելի քան 10 հազար բնակարանների կառուցմանը, ինչն ավելին է, քան ամբողջ 2024թ.։
Հորդանան գետի արեւմտյան ափին Իսրայելի շարունակվող շինարարությունը համարվում է տասնամյակներ շարունակվող իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման գլխավոր խոչընդոտներից մեկը: 2016թ. դեկտեմբերին ՄԱԿ Անվտանգության խորհուրդն ընդունել է 2334 բանաձեւը, որով Իսրայելից պահանջվում է անհապաղ դադարեցնել բնակավայրերի գործունեությունը օկուպացված պաղեստինյան տարածքներում: Իսրայելն ի պատասխան հայտնել է, որ չի կատարի այդ փաստաթղթի կետերը։





























