Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի տարբեր շրջաններին Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 70 մարդ, հաղորդում է կատարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ զոհվածների ընդհանուր թվից գրեթե 20-ը Գազայի հատվածի կենտրոնական մասում գտնվող Էլ-Բուրեյջ փախստականների ճամբարի ռմբակոծության զոհ են դարձել։ Պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը նշում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում վիրավորվել է առնվազն 184 մարդ։

Հեռուստաալիքը նաև հաղորդում է, որ Իսրայելի պաշտպանության ուժերը շարունակում են հրետակոծել Գազայի հատվածի հարավային մասը։ Խան Յունիս քաղաքի մոտ գտնվող Ալ-Մավասի մարդասիրական գոտում փախստականների վրանների գիշերային հրետակոծության հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ, ևս մի քանիսը վիրավորվել են։