Սլովակիայի Գերագույն դատարանի նախագահ, նախկին փոխվարչապետ, Արդարադատության նախարար Շտեֆան Հարաբինը զարմացած է, որ դեռեւս տարիներ առաջ Շվեցարիայի եւ Սլովակիայի կողմից ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման դեմ անարդյունք բողոք բարձրացրած Թուրքիան «ինչ-ինչ հաշվարկներով աննախադեպ աղմուկ-աղաղակ է բարձրացրել Ֆրանսիայի Սենատի կողմից քննարկված նմանատիպ օրինագծի շուրջ: Այս մասին նա նշել է Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանին ուղղված նամակում:

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Ինչպես ես արդեն հայտնել եմ իմ արդարադատության նախարար եղած ժամանակահատվածի վերջին տարում մեզ հաջողվեց Սլովակիայի Ազգային Խորհուրդում /ԱԽ/ հաստատել Հայոց ցեղասպանությունը մերժողների նկատմամբ օրենք, համաձայն որի ցեղասպանության, ռասիզմի, Հոլոքոստի եւ կոմունիզմի արհավիրքները համարվում են հանցագործություն կատարված մարդկության դեմ ու դրանց արդարացումը կամ մերժումը դատապարտվում է մինչեւ հինգ տարի ազատազրկումով, եթե կատարված է կանխամտածված եւ մինչեւ երեք տարի ազատազրկումով, եթե անկանխամտածված հայտարարություն է արվել: Այս օրենքը գործում է Սլովակիայում արդեն 2009թ-ի սեպտեմբերի մեկից: Փաստորեն Սլովակիան ԵՄ առաջին երկիրն է, որն օրենքի ուժ է տվել Հայոց ցեղասպանության մերժմանը, եւ Սլովակիան երկրորդ երկիրն է Շվեցարիայից հետո Եվրոպայում, որն ընդունել է վերոհիշյալ օրենքը: Ես խիստ զարմացած եմ, որ Շվեցարիայի եւ Սլովակիայի կողմից ցեղասպանության մերժման օրենքի ընդունման դեմ անարդյունք բողոք բարձրացրած Թուրքիան ինչ-ինչ հաշվարկներով  աննախադեպ աղմուկ-աղաղակ է բարձրացրել Ֆրանսիայի Սենատի կողմից քննարկված օրենքի բանաձեւի շուրջ: Ես դիմում եմ Ֆրանսիայի Սենատի նախագահին եւ անդամներին` հայտարարելով, որ նրանց կողմից ընդունվող օրենքը մեծ անհրաժեշտություն է եւ կարծում եմ, Սլովակիան կմիանա Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի առաջարկին` հորդորելու ԵՄ բոլոր անդամ պետություններին ընդունելու համանման օրենք: Ես դիմելու եմ Սլովակիայի ԱԽ-ի համապատասխան անդամներին եւ ղեկավարներին` սատարելու Ֆրանսիայի Սենատին` ցեղասպանության մերժման օրենք ընդունելու հարցում, ու մեր փորձը հաղորդելու ԵՄ-ի պառլամենտներին Հայոց ցեղասպանությունը մերժելու հարցում Թուրքիայի դեմ պայքարելու համար»:

Բացի այդ, ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը հայտնել է, որ մինչեւ ցեղասպանության մերժման օրենքի ընդունումը, Թուրքիայի ԱԳՆ-ն եւ Սլկովակիայում Թուրքիայի դեսպանատունը լայնածավալ աշխատանք էին կատարում Բրատիսլավայի կենտրոնում տեղադրված Հայոց ցեղասպանությանը նվիրված խաչքար-կոթողի ապամոնտաժման պահանջով: Սակայն Սլովակիայի կողմից ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքի ընդունումից հետո Թուրքիայի կողմից այդ պահանջները բացարձակ դադարել են եւ ոչ մի թուրք գործիչ փորձ անգամ չի արել ու անկասկած չի անի նաեւ ապագայում, Սլովակիայում Հայոց ցեղասպանության մերժման հարցի շուրջ: