Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերընտրության շրջանակում նոր սահմանադրության շուրջ բանավեճի վերաբերյալ ընդդիմության գնահատականը իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) արձագանքն է առաջացրել, գրել է Türkiye թերթը։
«Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներկայացուցիչները նշել են, որ եթե Թուրքիայի նախագահը երրորդ անգամ առաջադրվի, իրենք մտադիր են դրան հասնել ընտրությունների անցկացման մասին խորհրդարանի որոշման միջոցով։
Երկրի սահմանադրության համաձայն՝ Էրդողանը վերընտրվելու երկու տարբերակ ունի՝ կա՛մ խորհրդարանը որոշում է կայացնում ընտրությունների վերաբերյալ, կա՛մ սահմանադրության 101-րդ հոդվածում՝ «Նախագահի թեկնածությունը եւ ընտրությունը» վերնագրված դրույթը փոխվում է։
ԱԶԿ կարծիքով՝ սահմանադրությունը փոխելու փոխարեն ավելի խելամիտ կլինի, որ խորհրդարանը որոշում կայացնի ընտրությունների վերաբերյալ, որպեսզի Էրդողանը կարողանա նորից առաջադրվել: ԱԶԿ պաշտոնյաները նաեւ նշել են, որ Էրդողանի «ես վերընտրվելու կամ նորից առաջադրվելու մտադրություն չունեմ» հայտարարությունը չի նշանակում, որ նա նորից չի առաջադրվելու։
Կուսակցական աղբյուրները նշել են, որ դեռ վաղ է խոսել այն մասին, թե երբ են քննարկվելու թեկնածուները, եւ որ այդ քննարկումները կարող են սկսվել 2027թ.։
Էրդողանն առաջին անգամ նախագահ է դարձել 2014թ.՝ ժողովրդի քվեարկությամբ անցկացված ընտրություններում։ Կառավարման նախագահական համակարգը Թուրքիայում ընդունվել է 2017թ.։ Նա նախագահ է ընտրվել 2018թ. հունիսի 24-ին եւ 2023թ. մայիսի 28-ին կայացած ընտրություններում։ Այսպիսով, Թուրքիայի սահմանադրության համաձայն՝ Էրդողանը լիազորությունների իր երկրորդ ժամկետը կավարտի 2028թ.։





























