Պակիստանի հյուսիս-արեւմուտքում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվն, ըստ ճշտված տվյալների, հասել է 35-ի, շուրջ 70 մարդ վիրավորվել է: Ավելի վաղ նշվում էր 23 սպանվածի մասին:

Պայթյունը որոտացել էր Ջամրուդում (Հայբերի մարզ), Աֆղանստանի հետ սահմանին գտնվող մայրուղու մոտ: Ավտոֆուրգոնում տեղադրված պայթուցիկ սարքը գործարկվել էր հեռակառավարմամբ:

Պակիստանյան լրատվամիջոցները նշում են, որ ահաբեկչության հետեւում կարող են կանգնած լինել «Թեհրիկ-է թալիբան-է Պակիստան» (Պակիստանի թալիբների շարժում) խմբավորման գրոհայինները:

Հայբերի մարզը ներառված է տոհմերի գոտու մեջ, որտեղ չեն գործում դաշնային օրենքները եւ նրանց վրա չեն տարածվում ոստիկանության լիազորությունները, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Այդ գոտում գոյություն ունի 7 այսպես կոչված քաղաքական գործակալությունները, որոնք մինի-պետություններ են, սակայն ճանաչում են իրենց հպատակությունը Պակիստանին: Դրանք են Բաջաուրը, Մոհմանդը, Հայբերը, Քուրամը, Օրաքզայը, Հյուսիսային եւ Հարավային Վազիրիստանը: