Ամերիկացի ներդրող եւ միլիարդատեր Ջորջ Սորոսը կարծում է, որ համաշխարհային տնտեսությանն սպասվում է «դեֆլյացիայի արատավոր փուլ»: Դրա պատճառ այն է, որ եվրագոտու երկրները ճգնաժամը հաղթահարելու նպատակով փորձեր են անում առավելագույնս կրճատելու իրենց բյուջետային ծախսերը: Նման տեսակետ նա հայտնել է Հնդկաստանի Բանգալոր քաղաքում դասախոսության ժամանակ, գրում է The Wall Street Journal թերթը:
Ըստ Սորոսի` ֆինանսական համակարգը պահպանելու համար Եվրոպան մոտ ապագայում կմտնի «դրակոնյան տնտեսման» ժամանակաշրջան:
Ինչպես նշել է 81-ամյա ներդրողը, այժմյան ճգնաժամը, որը, գործարարի կարծիքով, համաշխարհային տնտեսության համար առավել վտանգավոր է, քան 2008 թվականի գնանկումը, սկսվել է առեւտրային վարկավորումը պետականով փոխարինելու նկրտումների հետեւանքով:
Սորեսի գնահատմամբ, եթե բանը հասնի եվրոպական բանկերի սնանկացմանը, հետեւանքները զգալի կլինեն ամբողջ համաշխարհային ֆինանսական համակարգի համար: Բայց դրա հետ մեկտեղ, այդ պայմաններում զարգացող երկրներն ավելի քիչ կտուժեն:
2011 թվականին Ջորջ Սորոսը Գերմանիային մեղադրել էր ճգնաժամի տարածման մեջ եւ խորհուրդ տվել ստեղծել Եվրոպական միասնական ընդհանուր պարտատոմսեր, որն էլ կապահովեր ԵՄ-ի ֆինանսական կայունությունը:



























