Գլենդելի նախկին բնակչին 75 տարվա ազատազրկում է սպառնում դաշնային բանտում այն բանից հետո, երբ իրեն մեղավոր է ճանաչել մասնավոր վարկատուներին ավելի քան 5 միլիոն դոլարից զրկելու համար: Այս մասին հայտնում է «Glendale News-Press»-ը:
44-ամյա Հենրիկ Սարդարյանին անցյալ շաբաթ ԱՄՆ-ի շրջանային դատարանում 5 կետից բաղկացած մեղադրանք է ներկայացվել`խարդախության եւ փողերի յուրացման համար: Նա հայտնել է, որ մտադիր էր 2 միլիոն դոլարը ծախսել ձիարշավական խաղերի վրա:
2007 թվականի մայիսին Սարդարյանը Բերբանկ քաղաքի Պասեո Ռեդոնդոյում գտնվող իր տունը գրավ էր դրել կեղծ փաստաթղթերով, որպեսզի ապացուցեր` իբր ինքը «Foremost Investment Properties» կազմակերպության նախագահն է: Տվյալ կազմակերպությունը զբաղվում էր գրավ դրված անշարժ գույքի վաճառքով: Նա խաբեությանը դիմել է Կոստա Ռիկայում գտնվող «Gap Fund»-ից 800 դոլար վարկ ստանալու նպատակով:
Մի քանի շաբաթ անց Սարդարյանը 2,5 միլիոն դոլարի վարկ է խնդրել Բեւերլի Հիլզի «Bith LLC»-ից, նույն խարդախ ճանապարհով:
Նա հայտարարել էր, իբր հիվանդանոց է պատրաստվում գնալ եւ իրեն գումար է անհրաժեշտ ավանդը 30 օրով երկարացնելու համար:
Սարդարյանը խոստացել է 500 հազար դոլար ուղարկել վարկատուին մի քանի օրվա ընթացքում, իսկ հետո ամբողջովին մարել վարկը 30 օրվա ընթացքում:
Գումարը Հոնկոնգ փոխանցելուց 6 ամիս անց Սարդարյանին կրկին հաջողվում է եւս 1,4 միլիոն դոլարի վարկ ստանալ Քալվեր Սիթիի «Money USA»-ից:
Սարդարյանն իրեն մեղավոր ճանաչելու համաձայնագրում հայտարարել է, որ վարկային փողերի մեծ մասը տվել է ընտանիքի անդամներին եւ այլ պարտատերերին:
Սարդարյանի եղբայրը` 42-ամյա Համլետ Սարդարյանը, նույնպես մեղադրվում է տվյալ գործում: Սակայն նա իրեն մեղավոր չի ճանաչել, եւ դատարանի առաջ կկանգնի մարտի 6-ին:
Հենրիկ Սարդարյանին սպառնում է առավելագույն չափով`75 տարվա ազատազրկում:




























