Իսրայելական ուժերը կրկին կրակ են բացել Գազայի հատվածի հարավային Ռաֆահ քաղաքում օգնության բաշխման կենտրոնների մոտ հավաքված պաղեստինցիների վրա։ Այս մասին Telegram-ալիքում հայտնել է անկլավի իշխանությունների մամուլի ծառայությունը։
Նրա տվյալներով՝ միջադեպի հետեւանքով զոհվել է 3 մարդ, վիրավորվել 35-ը։
Գազայի իշխանությունների տվյալներով՝ մայիսի 27-ից ի վեր Գազայի հատվածում զոհվել է օգնության հետեւից եկած 52 եւ վիրավորվել 340 պաղեստինցի։
Հունիսի 1-ին Կատարի Al Jazeera հեռուստաալիքը հաղորդել է, որ Ռաֆահում մարդասիրական օգնության բաշխման կետի հրետակոծության հետեւանքով զոհվել է 30 մարդ, մոտ 120-ը՝ վիրավորվել։ Նրա տեղեկություններով՝ այս տարածքում մարդասիրական առաքելություն է իրականացրել ԱՄՆ-ի կողմից աջակցվող կազմակերպություններից մեկը։ Հեռուստաալիքը նշել է, որ իսրայելցի զինվորները կրակ են բացել անցակետի շուրջ հավաքված մարդկանց վրա։ Իսրայելի բանակը հերքել է այդ տեղեկությունը՝ այս մասին լրատվամիջոցների տարածած տեղեկությունները որակելով կեղծ։





























