Աշխատանքային դատարանը կրկին կասեցրել է Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի հրամանագրի որոշակի հոդվածների գործողությունը, որոնք սահմանափակումներ են սահմանում մի շարք ոլորտներում գործադուլների նկատմամբ։

«Բավարարել պահանջվող ժամանակավոր միջոցի կիրառումը եւ կասեցնել 340/25 արտակարգ դրության մասին որոշման երկրորդ եւ երրորդ հոդվածների գործողությունը»,- նշվել է դատավոր Մոյրա Ֆուլյանայի որոշման մեջ։

Արգենտինայի ամենամեծ արհմիությունները միավորող Աշխատանքի ընդհանուր կոնֆեդերացիան որոշումը բողոքարկել է դատարանում։ Դատավորը պարզել է, որ գործադիր իշխանությունը բավարար հիմքեր չունի գործող օրենսդրությունը փոխելու՝ շրջանցելով քվեարկությունը խորհրդարանում։

Մայիսին կառավարությունը հրամանագիր է հրապարակել ծովային եւ գետային տրանսպորտի ապակարգավորման մասին, որը նաեւ փոփոխություններ է մտցրել Արգենտինայի գործող օրենսդրության մեջ, որոնք ազդում են այլ ոլորտների վրա։ Այն պարտավորեցնում էր գործադուլներին մասնակցողներին ապահովել ձեռնարկությունների բնականոն գործունեության առնվազն 75 տոկոսը այնպիսի ոլորտներում, ինչպիսին են առողջապահությունը, ջրամատակարարումը, գազամատակարարումը եւ վառելիքի մատակարարումը, կապը, առեւտրային ավիացիան, մաքսային ծառայությունը, նախադպրոցական եւ դպրոցական կրթությունը։ Տրանսպորտի, մետալուրգիայի, սննդի արդյունաբերության, բանկերի, հյուրանոցների, սննդի հաստատությունների եւ արտահանման համար նախատեսված ապրանքների արտադրության դեպքում գործադուլ անող աշխատողները պետք է ապահովեին, որ ձեռնարկությունները գործեն առնվազն 50 տոկոսով։

Միլեյն արդեն առաջին անգամ չէ, որ փորձում է սահմանափակումներ մտցնել գործադուլների նկատմամբ արտակարգ դրության հրամանագրի միջոցով։ Անցյալ անգամ եւս դատարանը արգելափակել էր փաստաթղթի համապատասխան մասը։