Արեւմուտքը պաշտոնական Բաքվից պահանջել է մինչեւ փետրվար վերականգնել քաղաքացիների` ազատ հավաքներ կազմակերպելու իրավունքը: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Պոլիգոն» գործակալությունը` նշելով, որ հակառակ դեպքում Բաքվում «Եվրատեսիլ-2012»-ի անցկացման հարցը կդրվի հարցականի տակ: Աղբյուրը հայտնում է, որ օրերս Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւը ժողով է հրավիրել, որին մասնակցել են կառավարության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ քաղաքական կուսակցությունների նախագահներ, հասարակական կառույցների ներկայացուցիչներ եւ այլն: Ժողովում քննարկվել են երկրում Մարդու իրավունքների պաշտպանության եւ խախտումներից դեմ պայքար մղելու հարցերը:

«Այսպիսով, անցյալ տարի Կոռուպցիայի դեմ պայքար սկսելու օրինակով որոշվել է կազմակերպել մեկ այլ կամպանիա` կապված Մարդու իրավունքների պաշտպանության հետ: Դա արվում է Արեւմուտքի համար, որ ցույց տրվի, թե Ադրբեջանը կատարում է Արեւմուտքի պահանջները, եւ «Եվրատեսիլ-2012»-ը պետք է Բաքվում անցկացվի»,-գրում է «Պոլիգոնը»: Իրականում դա ձեւական բնույթ է կրում, եւ ադրբեջանական իշխանությունները մտադիր չեն քայլեր ձեռնարկել` Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրադրության բարելավման ուղղությամբ: