Չիլիի նախագահ Գաբրիել Բորիչը չի պատասխանել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հեռախոսազանգին՝ քննարկելու համար հարավամերիկյան երկրի լարված հարաբերությունները Իսրայելի հետ, հաղորդել է La Tercera թերթը։
Նրա խոսքով՝ Ռուբիոն ցանկացել է կապ հաստատել Բորիչի հետ մայիսի 30-ին, սակայն պետության ղեկավարը չի պատասխանել զանգին՝ վկայակոչելով կառավարության աշխատանքի վերաբերյալ տարեկան հրապարակային զեկույցի նախապատրաստական աշխատանքները, որը նա ներկայացրել է հունիսի 1-ին: Դրա փոխարեն ԱՄՆ պետքարտուղարի հետ զրուցել է Չիլիի արտաքին գործերի նախարար Ալբերտո Վան Կլավերենը:
Ինչպես գրել է պարբերականը, Ռուբիոն ցանկացել է Չիլիի նախագահի հետ քննարկել մաքսատուրքերի հարցը եւ արտահայտել Վաշինգտոնի մտահոգությունը այն տեղեկությունների վերաբերյալ, որ հարավամերիկյան երկրի իշխանությունները քննարկում են Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հնարավորությունը Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի պատճառով։
Հոդվածի հրապարակումից հետո Չիլիի արտաքին գործերի նախարարը հաստատել է, որ խոսել է Ռուբիոյի հետ Բորիչի փոխարեն։ «Քանի որ նախագահը բացակայում էր, եւ ես սա չեմ համարում ԱՄՆ պետքարտուղարի հասցեին ուղղված վիրավորանք, մենք զրույց ունեցանք, որի մանրամասները չեմ կարող բացահայտել»,- ասել է Վան Կլավերենը։ Նրա խոսքով՝ զրույցը բարեկամական էր։
Անցած շաբաթ Չիլիի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է Թել Ավիվի դեսպանատնից ռազմական կցորդների հետ կանչման մասին՝ Գազայի հատվածում իսրայելական զինվորականների գործողությունների պատճառով: 2023թ. նոյեմբերին հարավամերիկյան երկրի կառավարությունը խորհրդակցությունների համար հետ է կանչել Իսրայելում իր դեսպանին՝ Գազայի հատվածի վրա հարձակումների պատճառով: Այդ ժամանակվանից ի վեր հանրապետությունը ներկայացված է գործերի ժամանակավոր հավատարմատարով:





























