Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն առաջին անգամ խոստովանել է, որ Իսրայելը համագործակցում է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ շարժմանը դեմ հանդես եկող որոշ պաղեստինյան կլանների հետ, ուրբաթ օրը հայտնում է Associated Press-ը (АР)։
Ինչպես նշում է գործակալությունը՝ հղում անելով իսրայելցի վարչապետի սոցցանցերին, Իսրայելը «ակտիվացրել է աշխատանքը» Գազայի հատվածի որոշ պաղեստինյան կլանների հետ, որոնք դեմ են ՀԱՄԱՍ-ին։ Այս հայտարարությունը դարձավ Գազայի ներսում զինված պաղեստինյան խմբավորումներին Իսրայելի աջակցության առաջին հրապարակային խոստովանությունը։
Միևնույն ժամանակ, Նեթանյահուն չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ աջակցություն է Իսրայելը ցուցաբերում այդ կլաններին, և թե ինչ դեր են նրանք կոնկրետ կատարելու։ Նա հայտնել է, որ կառավարությունը համագործակցության մասին որոշում է կայացրել «անվտանգության ծառայության աշխատակիցների» խորհրդով՝ իսրայելցի զինվորների կյանքը փրկելու համար։
Իսրայելցի պաշտոնյան, անանուն մնալու պայմանով, AP-ին հայտնել է, որ իսրայելցի առաջնորդի հայտարարության մեջ խոսքը, այսպես կոչված, «Ժողովրդական ուժերի» (Popular Forces) մասին է, որոնք գլխավորում է Ասեր Աբու Շաբաբը։ Այս զինված պաղեստինյան խմբավորումը գործում է Գազայի հատվածի հարավային մասում՝ հիմնականում Ռաֆահ քաղաքի շրջանում։ Կլանի անդամները հրապարակայնորեն հայտարարում են, որ իրենց առաքելությունն են համարում իրենց վերահսկողության տակ գտնվող շրջաններ մարդասիրական օգնության մատակարարումների անվտանգության ապահովումը։