Քաղաքական առումով Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա. ցավալի է, բայց նույնը չի կարելի ասել տնտեսական հարաբերությունների վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Այըմդոս Բոզջիգիտովը հունվարի 11-ի մամլո ասուլիսում:
Ըստ դեսպանի` նման իրադրությունը պայմանավորված է մի շարք օբյեկտիվ պատճառներով, որոնց շարքում նաեւ` ուղղակի հաղորդակցման հնարավորության բացակայությունը: Դիվանագետը հայտնել է նաեւ, որ ներկայումս ապրանքաշրջանառությունը կազմում է շուրջ 9 միլիոն դոլար, իսկ երրորդ երկրների միջոցով (Ռուսաստան, Վրաստան, Իրան, եվրոպական երկրներ, եւ ամենից առաջ` Ռումինիա) ապրանքաշրջանառությունը կազմում է շուրջ 300 միլիոն դոլար: Ղազախստանից Հայաստան հիմնականում ներմուծվում են մետաղ եւ ցորեն, իսկ Հայաստանից Ղազախստան` ոսկերչական զարդեր, կոնյակ, ինչպես նաեւ քարի վերամշակման սարքավորումներ:
Պատասխանելով հարցին, թե կարող էր արդյոք Ղազախստանը մահմեդական կազմակերպություններում Հայաստանի շահերի պաշտպանի կամ միջնորդի դեր ստանձնել, դեսպանը նշել է, որ որոշակի հարցերում համագործակցությունը հնարավոր է: «Բայց Ղազախստանը Կովկասում չեզոք քաղաքականություն է վարում: Մենք մեր շահերն ունենք, եւ մեզ համար կարեւոր է Հյուսիսային եւ Հարավային Կովկասի բոլոր հարցերի խաղաղ կարգավորումը», - ընդգծել է դեսպանը:
Դեսպանը նաեւ հիշեցրել է, որ Ղազախստանում հայկական խոշոր համայնք կա: Պաշտոնական տվյալներով` 25 հազար մարդ, ոչ պաշտոնականով` շուրջ 100 հազար: Համայնքը 11 խոշոր քաղաքներում իր մշակութային կենտրոններն ունի: «Հայ համայնքը ոչ միայն քանակապես, այլեւ որակապես է ներկայացված», - նշել է դեսպանը:




























