2011 թ. երրորդ եռամսյակում, նախորդ եռամսյակների համեմատ,  կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքը նվազել է եւ կազմում է 53.8 հազ. դրամ: Այդ մասին այսօր` հունվարի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:

Նրա տեղեկացմամբ` 2010 թ. չորրորդ եռամսյակում կենսապահովման նվազագույն զամբյուղը 52.2 հազ. դրամ էր, 2011 թ. առաջին եռամսյակում` 62.6 հազ. դրամ, երկրորդում` 62.2 հազ. դրամ: Զամբյուղի արժեքի նվազումը պայմանավորված է բանջարեղենի եւ մրգերի գների սեզոնային անկմամբ: Այդ գործոնով պայմանավորված` չորրորդ եռամսյակի կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքը կբարձրանա:

Գ. Մարտիրոսյանի տեղեկացմամբ` 2011 թ. նոյեմբերին միջին ամսական անվանական աշխատավարձը 114.7 հազ դրամ էր, նախորդ տարվա համեմատ աճը 6.3 % է: