Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների հետեւանքով վնասվել է բոլոր կրոնական եւ մշակութային վայրերի կեսից ավելին, նշվել է ՄԱԿ անկախ միջազգային հետաքննչական հանձնաժողովի զեկույցում, որը զբաղվում է Պաղեստինի օկուպացված տարածքների, այդ թվում՝ Արեւելյան Երուսաղեմի եւ Իսրայելի հարցերով։
«Գազայի հատվածում կրոնական եւ մշակութային վայրերի կեսից ավելին վնասվել է Իսրայելի անվտանգության ուժերի հարձակումներից՝ քաղաքացիական օբյեկտներն ու ենթակառուցվածքներն ավիահարվածների եւ հրետակոծությունների միջոցով ոչնչացնելու ավելի լայն արշավի շրջանակում»,- նշվել է փաստաթղթում։ Հանձնաժողովի փորձագետները նկարագրել են դեպքեր, երբ իսրայելական զինվորականները հարձակվել են անկլավի կրոնական վայրերի վրա՝ գիտակցելով, որ դրանք պաղեստինցիների համար ապաստան են: Զեկույցի համաձայն՝ նման հարձակումների հետեւանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ կանայք եւ երեխաներ:
Հանձնաժողովը նաեւ հայտնել է, որ ստուգել է Գազայի տարածքում գտնվող 10 կրոնական եւ մշակութային վայրեր, որոնք հարձակման են ենթարկվել իսրայելական զինվորականների կողմից: Հաշվետվությունում ընդգծվում է, որ հարձակման պահին դրանք «քաղաքացիական օբյեկտներ էին եւ ենթարկվել են ավերածությունների, որոնց համար հանձնաժողովը չի կարողացել գտնել որեւէ օրինական ռազմական հիմնավորում»: Հանձնաժողովը նաեւ նշել է իսրայելական կողմից պաղեստինյան անկլավի արտեֆակտների թալանի, ոչնչացման եւ մարտահրավերների մասին։





























