Եվրոպայում բանավեճ է սկսվել սոցիալական ցանցերին երեխաների հասանելիության վերաբերյալ, որտեղ Եվրևամիության երեք անդամ պետություններ առաջ են մղում «թվային չափահասության տարիքի» կամ այնպիսի տարիքի սահմանման գաղափարը, որից հետո արգելվում է միանալ նման հարթակներին։

Ֆրանսիայի, Իսպանիայի և Հունաստանի նպատակն անչափահասներին վտանգավոր առցանց բովանդակությունից պաշտպանելն է, գրում է Euronews-ը։

«Այսօր այս հարթակների օգտագործման պայմաններն ու դրույթները արդեն իսկ սահմանում են 13 տարեկան նվազագույն տարիքը», -պարզաբանել է Ֆրանսիայի արհեստական ​​​​բանականության և թվային տնտեսության հարցերով նախարար Կլարա Շապազը։

Սակայն, ըստ Շապազի, «բոլորս էլ երեխա ենք եղել, ծննդյան ամսաթիվը փոխելը խաղ ու պար է։ Ուստի ներկա համակարգը նշանակում է, որ երեխաները միջինում 7 կամ 8 տարեկանում մուտք են գործում և հաշիվներ ստեղծում»։

Ֆրանսիայում, Իսպանիայում և Հունաստանում կարծում են, որ սոցիալական ցանցերի օգտագործած ալգորիթմները փոքր երեխաներին կախվածություն առաջացնող բովանդակության են ենթարկում, որն, ի վերջո, կարող է տագնապի կամ դեպրեսիայի սրացման հանգեցնել։

Նրանք միաժամանակ պնդում են, որ չափազանց մեծ ազդեցությունը կարող է սահմանափակել որոշակի հմտությունների զարգացումը և վատթարացնել ճանաչողական ունակությունները։

ԵՄ-ում ներկայում գործում է  «Թվային ծառայությունների մասին» օրենքը (DSA), որը պայքարում է անօրինական առցանց բովանդակության, մասնավորապես՝ ատելության խոսքի, ահաբեկչության և մանկական պոռնոգրաֆիայի դեմ։

Օրենքը գործում է գրեթե երկու տարի՝ խոշոր հարթակների և որոնողական համակարգերի համար, և մեկ տարուց փոքր-ինչ ավելի՝ փոքր կազմակերպությունների համար։

Փարիզը, Մադրիդը և Աթենքը ևս առաջարկում են ինտեգրել տարիքի ստուգման և ծնողական վերահսկողության համակարգերն համացանցին միացված սարքերի համար։

Սակայն Բրյուսելում ոլորտի ներկայացուցիչները նոր օրենսդրությունը վաղաժամ են համարում։

Եվրոպական հանձնաժողովն այժմ աշխատում է տարիքի ստուգման հավելվածի վրա։ Անցյալ ամիս Եվրահանձնաժողովը հրապարակել էր անչափահասներին պաշտպանելու ուղեցույցների նախագծեր, մասնավորապես՝ օգտատերերի տարիքը ստուգելու կամ երեխաների հաշիվները լռելյայնորեն անձնական դարձնելու միջոցառումների շրջանակում։

Եվրոպական հանձնաժողովը երեխաների պաշտպանության համար միաժամանակ հետաքննություններ է անցկացնում TikTok-ում, Instagram-ում և Facebook-ում։