Բրազիլիայի ղեկավարությունը մտադիր է վերանայել Իսրայելի հետ հարաբերությունները պաշտպանության ոլորտում՝ Գազայի հատվածում Իսրայելի կողմից շարունակվող ռազմական գործողությունների պատճառով, հայտարարել է նախագահի միջազգային հարցերով հատուկ օգնական Սելսո Ամորիմը։

«Կան մի քանի միջոցներ, որոնք կարելի է ձեռնարկել։ Կարծում եմ, հատկապես ռազմական հարաբերությունների ոլորտում, որոնք շատ կարեւոր են նրանց (իսրայելցիների) համար։ Դրանք նշանակալի են ոչ միայն ռազմական, այլեւ տնտեսական առումով»,- դիվանագետի խոսքերը մեջբերել է բրազիլական Estad o. թերթը։ Ամորիմն ավելացրել է, որ պետության ղեկավար Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան արդեն զրույց է ունեցել իր եւ հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Մաուրո Վիեյրայի հետ՝ Իսրայելի նկատմամբ Բրազիլիայի վարչակազմի հետագա գործողությունների վերաբերյալ։

Նախագահի օգնականն ընդգծել է, որ Բրազիլիայում որոշումը կկայացվի մանրակրկիտ գնահատումից հետո եւ արտաքին գործերի նախարարի անմիջական մասնակցությամբ։ «Նա կորոշի, թե ինչ միջոցառումներ ձեռնարկել եւ երբ»,- եզրափակել է Ամորիմը։

Բրազիլիան ավելի վաղ կասեցրել էր իսրայելական Elbit Systems ընկերությունից 36 ATMOS 2 000 համակարգերի գնումը 210 մլն դոլարի գործարքով, շարունակվող հակամարտության պատճառով։

Լուլա դա Սիլվան բազմիցս քննադատել է Իսրայելի գործողությունները Գազայում: Հունիսի 5-ին, Ֆրանսիա կատարած այցի ժամանակ, նա ընդգծել է, որ պաղեստինյան անկլավում տեղի ունեցող հակամարտությունը «ցեղասպանություն է, որը կատարվում է կանանց եւ երեխաների դեմ լավ պատրաստված զինված ուժերի կողմից»: