Հարավային Աֆրիկայի ամենաաղքատ նահանգներից մեկում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվել է մինչև 57 մարդ, իսկ բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ փրկարարական աշխատանքները «կաթվածահար են» ռեսուրսների պակասի պատճառով, հաղորդում է Associated Press-ը։

Երեքշաբթի լուսաբացից առաջ ուժեղ անձրևների պատճառով գետի՝ ափերից դուրս գալուց հետո փրկարարական խմբերը փլատակների և ջրհեղեղի ջրերի մեջ շարունակում են որոնել անհետ կորած մարդկանց:

Հեղեղները հարվածել են մոտակա Մտատա քաղաքին և հարակից տարածքներին՝ քշելով զոհերին իրենց տների և ավտոմեքենաների հետ միասին։

Արևելյան Քեյփի վարչապետ Օսկար Մաբույանեն ասել է, որ ջրհեղեղը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ շատ մարդիկ քնած են եղել։ Ջրի մակարդակը հասել է 3-4 մետրի, երբ այն գետից հոսել է դեպի մոտակա բնակավայրեր, հավելել է նա։

Մաբույանեն նշել է, որ տեղական իշխանությունները դժվարանում են արդյունավետ փրկարարական աշխատանքներ իրականացնել, և աղետը տեղի է ունեցել այնպիսի տարածաշրջանում, որտեղ ռեսուրսները սուղ են։

Ըստ նրա՝ Հարավային Աֆրիկայի հարավ-արևելքի՝ հիմնականում գյուղական Արևելյան Քեյփ նահանգում, որտեղ ապրում է մոտ 7,2 միլիոն մարդ, կա միայն մեկ փրկարարական ուղղաթիռ: Ուղղաթիռը Մտատա է ժամանել Գկեբերա քաղաքից, որն ավելի քան 500 կիլոմետր հեռու է Մտատա քաղաքից։

Վարչապետն ասել է նաև, որ տարածաշրջանում չկան մասնագիտացված փրկարարներ կամ շների խնամքով զբաղվողներ, ինչը նշանակում է, որ նրանց ստիպված են եղել կանչել այլ վայրերից՝ որոնողական աշխատանքներին օգնելու համար։