Իրանի Նաթանզում (Սպահանի նահանգ) տեղակայված ուրանի հարստացման կարևոր օբյեկտի վրա Իսրայելի գիշերը կատարած հարձակումներից հետո օբյեկտի ներսում ճառագայթում է արտանետվել ալֆա մասնիկների տեսքով, հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
«Նատանզի օբյեկտից դուրս ճառագայթման մակարդակը մնացել է անփոփոխ։ Օբյեկտի ներսում առկա ռադիոակտիվ աղտոտվածության տեսակը, հիմնականում ալֆա մասնիկները, կարելի է վերահսկել համապատասխան պաշտպանիչ միջոցառումներով», -նշել է Գրոսին։
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին, իր հերթին, պնդում է, որ Իսրայելի հարձակումները Նաթանզի միջուկային օբյեկտին լուրջ վնաս չեն հասցրել և ճառագայթման արտահոսքի չեն հանգեցրել։
«Լավ է, որ վնասը եղել է գետնի մակարդակում, և մենք զոհեր չենք ունեցել։ Ճառագայթման արտահոսքեր էլ չեն եղել, որոնք կարող էին մտահոգություն առաջացնել բնակչության շրջանում։ Մենք ներկայում գնահատում ենք վնասը», -ըստ ISNA-ի՝ հայտարարել է նա:
Ավելի վաղ Սպահանի նահանգապետի անվտանգության ծառայության պետի տեղակալ Աքբար Սալեհին հայտնել էր, որ Նաթանզի օբյեկտում միջուկային աղտոտման մասին հաղորդագրություններ չկան։





























