ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է եկամուտներ ստանալ էլիտար անշարժ գույքի բազմաթիվ օբյեկտներից և գործարար ձեռնարկություններից, որոնցից շատերը գնահատվում են տասնյակ միլիոնավոր դոլարներ։ Այս մասին է վկայում ուրբաթ ուշ երեկոյան ներկայացված ֆինանսական տեղեկատվության բացահայտման նրա ձևաթուղթը։
Կառավարության էթիկայի վարչության հրապարակած՝ 2025 թվականի ֆինանսական գործունեության մասին Թրամփի հաշվետվությունն ընդհանուր 234 էջ է, որից 145-ը վերաբերում է բաժնետոմսերում և պարտատոմսերում կատարված ներդրումներին։ Փաստաթուղթը կրում է Թրամփի՝ ուրբաթով թվագրված ստորագրությունը։ Հայտարարագրում նշված եկամտի խոշորագույն աղբյուրներից մեկը 57 355 532 դոլարն է, որը նա ստացել է անցյալ տարի գործարկված World Liberty Financial կրիպտոարժութային հարթակում իր բաժնեմասից։ Ձևաթղթից պարզ է դառնում, որ World Liberty-ի թվային թոքենների վաճառքը շատ եկամտաբեր է եղել Թրամփի և նրա ընտանիքի համար։
Ընկերության կայքում Թրամփի երեք որդիները՝ Դոնալդ կրտսերը, Էրիկը և Բարոնը, նշված են որպես ընկերության համահիմնադիրներ։
Հարկ է առանձին նշել, որ Թրամփի մեմ-քոինը, որը կրիպտոշուկաներում հայտնի է պարզապես $TRUMP անվամբ, թողարկվել է միայն հունվարին և, հետևաբար, չի ենթարկվում այս ձևաթղթով տեղեկատվության բացահայտման պահանջներին, քանի որ այն ընդգրկում է 2024 օրացուցային տարին։ Սա եկամտաբեր տարի է եղել Թրամփի համար՝ իր անունով և պատկերով վաճառվող տարբեր ապրանքների համար ռոյալթիների վճարումների առումով։