Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի հետ, հաղորդում է Anadolu-ն։
Ըստ Թուրքիայի նախագահի հաղորդակցության վարչության՝ կողմերը քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև մի շարք տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։
Զրույցի ընթացքում Էրդողանն ասել է, որ Բենիամին Նեթանյահուի գլխավորությամբ Իսրայելը «տարածաշրջանի կայունության և անվտանգության համար ամենամեծ սպառնալիքն է» և կրկին ցույց է տվել դա՝ հարձակվելով Իրանի վրա։
Թուրքիայի նախագահը նշել է, որ լարվածությունը նվազեցնելու համար պետք է կանգնեցնել Իսրայելին։
Նրա խոսքով՝ «միջազգային հանրության անգործությունը Պաղեստինում Իսրայելի օկուպացիայի և ցեղասպանության նկատմամբ միայն խրախուսել է Թել Ավիվի ագրեսիան»։
Նա հավելել է, որ Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Թեհրանի և Վաշինգտոնի միջև միջուկային բանակցությունների ֆոնին, ինչը, ըստ նրա, խաղաղության ջանքերը խաթարելու փորձ է։
Էրդողանը շեշտել է, որ Իսրայելի հարվածները, որոնք հանգեցրել են ռադիոակտիվ նյութերի արտահոսքի, անպատասխանատու սպառնալիք են ներկայացնում ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային անվտանգության համար։ Նրա կարծիքով՝ միջուկային վեճը կարող է լուծվել միայն դիվանագիտական բանակցությունների շարունակության միջոցով։





























