Բելառուսը պատրաստ է ակտիվացնել համագործակցությունը Հայաստանի հետ, ինչպես առեւտրատնտեսական ուղղությամբ, այնպես էլ ՀԱՊԿ-ի շրջանակներում: Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ Մինսկում կայացած հանդիպման ժամանակ:
«Մենք մտնում ենք միեւնույն ռազմաքաղաքական միության` ՀԱՊԿ-ի մեջ: Մենք փակ թեմաներ չունենք, կարող ենք քննարկել համագործակցության հետ կապված ցանկացած թեմա: Դուք կարող եք հույս դնել այն ամենի վրա, ինչ մենք վերահսկում ենք», հայտարարել է Լուկաշենկոն:
Նա նաեւ նշել է առեւտրա-տնտեսական ոլորտում հայ-բելառուսական հարաբերությունների ակտիվացման անհրաժեշտությունը: Լուկաշենկոն հայտարարել է, որ անցյալ տարվա տվյալներով, երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության մակարդակը իջել է երեք անգամ: «Այստեղ կարելի է խոսել օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառների մասին», ասել է Բելառուսի նախագահը: Այդուհանդերձ, նա նշել է, որ առեւտրի եւ տնտեսության ոլորտում երկու երկրները զգալի ներուժ ունեն:
Լուկաշենկոն նշել է, որ հայկական կողմը հանդես է եկել Բելառուսի հետ առեւտրա-տնտեսական հարաբերությունները խորացնելու մի շարք առաջարկներով: Մասնավորապես, խոսքը Հայաստան գյուղատնտեսական մեքենաների, սննդամթերքի, մասսայական կիրառման ապրանքների մատակարարման մասին է: «Մենք պատրաստ ենք ուղիներ գտնել մեր արտադրանքը Հայաստան մատակարարելու համար»,-հայտարարել է նա: Բացի այդ, նա նշել է, որ բելառուսական կողմը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ` երկրում համատեղ ձեռնարկությունների ստեղծման գործում. «Ես այդտեղ որեւէ խոչընդոտ չեմ տեսնում»,-հայտարարել է Բելառուսի նախագահը:
Իր հերթին, Արթուր Բաղդասարյանը նշել է, որ «Բելառուսը հանդիսանում է Հայաստանի դաշնակիցն ու ռազմավարական գործընկերը»: Նա շեշտել է, որ Հայաստանը պատրաստ է զարգացնել ռազմավարական գործընկերությունը: «Մենք պատրաստ ենք խորացնել մեր առեւտրական հարաբերությունները եւ համագործակցությունը ՀԱՊԿ-ի շրջանակներում», նշել է Բաղդասարյանը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:



























