Հայաստանում հոգեբանների ինստիտուտը վերջնականապես կայացած չէ, բայց նախորդ տարվա համեմատ` կամաց-կամաց ձեւավորվում է հոգեբանին դիմելու մշակույթը, մարդիկ ավելի վստահությամբ են դիմում նրանց: Այս մասին այսօր` հունվարի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբան Մարիամ Մեհրաբյանը` հավելելով, որ տարեցտարի հոգեբանական ծառայություններ առաջարկող կենտրոնների թիվն աճում է: Ավելին` Երեւանից բացի, հոգեբանական կենտրոններ են ստեղծվել Գյումրիում, Վանաձորում:  Իսկ թե ինչպես կարող է քաղաքացին տարբերել լավ հոգեբանին վատից, նա նշեց, որ դա կապված է այն խնդրի հետ, որ հոգեբանները չեն լիցենզավորվում եւ հետեւաբար` մարդիկ առաջնորդվում են փորձով, դիմում են այն մասնագետին, ումից նախորդ անգամ գոհ են մնացել:

NEWS.am-ի հարցին, թե որքանով են ծառայությունները մատչելի քաղաքացիների համար, Մարիամ Մեհրաբյանը նշեց, որ կան ֆիքսված գներ, բայց հաճախ իրենք մարդու հետ աշխատում են` հաշվի առնելով նրա բյուջեն: Հոգեբանական 1-1,5 ժամանոց ծառայության գինը 3000-5000 դրամ է: Ցավոք, Մարիամ Մեհրաբյանը չուներ տվյալներ, թե քանի հոգեբանական կենտրոն,  քանի գործող հոգեբան կա Հայաստանում: Բայց նա տեղեկացրեց, որ գործող հոգեբանները հիմնականում 30-50 տարեկան են: