Tehran Times պարբերականի գլխավոր խմբագիրը հայտարարել է, որ մենք նույնիսկ Tehran Times-ի խմբագրությունից չենք հեռանալու, առավել ևս՝ Թեհրանից։ Դրա մասին հունիսի 17-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ մեկնաբանելով Թրամփի հայտարարությունները, ըստ որոնց Թեհրանի բնակիչները պետք է տարհանվեն։
«Շատ կարևոր է ճիշտ ընկալել Իրանում տիրող տրամադրությունը։ Արևմտյան երկրների հետ խնդիրն այն է, որ նրանք ծանոթ չեն իրանական հասարակության առանձնահատկություններին։
«Սիոնիստական ռեժիմն արդեն հասկացել է, որ հզոր պետության դեմ պայքարը նույնը չէ, ինչ բացօթյա բանտի վերածված Գազայի քաղցած երեխաների վրա ռումբեր նետելը»,-շեշտել է Սոբհանին։
Իսրայելի կիրառած բլիցկրիգի մարտավարությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կիրառել է նացիստական Գերմանիան, հիշեցրել է դեսպանը։
«Այդ մարտավարությունը նպատակ ունի հոգեբանորեն կոտրել հակառակ կողմին և ճգնաժամ ստեղծել կառավարման համակարգում։ Սակայն նրանք չկարողացան ազդել Իրանի՝ իրավիճակին արձագանքելու և հակահարված տալու պատրաստակամության վրա։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո չկար որևէ այլ երկիր, որը կայծակնային պատերազմից հետո կարողանար վերակազմակերպվել և ավելի հզոր հարված հասցնել թշնամուն», - ընդգծել է դիվանագետը։
Սոբհանին հիշեցրել է, որ Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է 224, վիրավորվել՝ 1200 մարդ, որոնց 90%-ը խաղաղ բնակիչներ են։
Դեսպանը կրկին շեշտել է, որ Իրանը չի ձգտում միջուկային զենք մշակել, և որ Իսրայելը նման հայտարարություններով փորձում է մոլորեցնել Արևմուտքին, ձգտելով նրանց Իրանի դեմ հարձակումների մեղսակիցներ դարձնել։





























