Ալյասկայի նահանգային իշխանություննները հրապարակել են շոգի մասին իրենց առաջին նախազգուշացումը, քանի որ օդերևութաբաններն իրենց հերթին նախազգուշացնում են ջրհեղեղների մասին՝ արագ հալվող ձյան պատճառով։ Նահանգում ջերմաստիճանը արագորեն բարձրանում է, և իշխանությունները խորհուրդ են տալիս երեխաներին և ընտանի կենդանիներին առանց հսկողության չթողնել։

Տարիներ շարունակ գիտնականները զգուշացնում են մոլորակի վրա սպառնացող կլիմայական ճգնաժամի հետևանքների մասին։ Աշխարհն արդեն բախվում է անհավանական ջերմային ալիքների և երաշտների, իսկ եղանակային իրադարձությունները գնալով ավելի ծայրահեղ են դառնում։ Այժմ Ալյասկան դարձել է ևս մեկ ակնհայտ հիշեցում այն ​​​​մասին, որ Երկրի կլիման անխուսափելիորեն փոխվում է, գրում է IFLScience-ը։

Ֆեյրբենքսի և Ջունոյի Ազգային օդերևութաբանական ծառայության (NWS) գրասենյակները հունիսի 12-ին նախնական նախազգուշացում են հրապարակել սպասվող շոգի մասին, որին հաջորդեց հունիսի 16-ին թարմացված նախազգուշացումը՝ տեղեկացնելով 85- 88 աստիճան ըստ Ֆարենհայթի (29,4-ից 31,1 աստիճան ըստ Ցելսիուսի) ջերմաստիճանի ռիսկերի մասին։

Օդերևութաբանները զգուշացնում են, որ ջերմաստիճանի անխուսափելի բարձրացման պատճառով փոքր երեխաներին և ընտանի կենդանիներին չպետք է թողնել առանց հսկողության ավտոմեքենաներում, քանի որ ավտոմեքենաների սրահը կարող է ծայրահեղ ջերմաստիճանների հասնել ընդամենը 10 րոպեում։

Տեղի բնակիչներին խորհուրդ է տրվում լրացուցիչ նախազգուշական միջոցներ ձեռնարկել բացօթյա աշխատանքներ կատարելիս, գրում է Фокус-ը։ Օդերևութաբանները խորհուրդ են տալիս օգտագործել արևապաշտպան քսուք և թեթև հագուստ հագնել։ Բացի դրանից, Ալյասկայի բնակիչներին խորհուրդ է տրվում միջոցներ ձեռնարկել ջերմային հյուծման և կաթվածի աննշան ախտանիշների դեպքում։ Ընդ որում, վարագույրները պետք է փակ լինեն ցերեկը՝ տուն մտնող արևի լույսի քանակը նվազեցնելու համար, և բացվեն գիշերը՝ բնակարանը զովացնելու համար։ Բնակիչներին խորհուրդ է տրվում նաև օդափոխիչներ և օդորակիչներ օգտագործել։

30°C ջերմաստիճանը կարող է կրիտիկական չթվալ, բայց այն կարող է հատկապես տհաճ լինել այն տարածքների բնակիչների համար, որտեղ տարածված են չափազանց ցածր ջերմաստիճանները։ Օրինակ՝ 2003 թվականին Եվրոպայում շոգի ալիքը մոտ 35 հազար մարդու կյանք խլեց, իսկ 2023 թվականին Եվրոպայում շոգի պատճառով մահացածների թիվը հասավ մոտ 47 հազարի։

Ըստ կլիմայագետ Բրայան Բրետշնայդերի՝ յուրաքանչյուր առանձին տարածաշրջան ունի իրեն բնորոշ յուրահատուկ կլիման։ Արդյունքում, Ալյասկայի տները կառուցված են ջերմությունը պահպանելու համար և պարզապես օդորակիչ չունեն։ Բայց դա, ցավոք, միակ խնդիրը չէ։

Հետազոտողները նախազգուշացնում են նաև, որ նահանգը կարող է բախվել ջրհեղեղների աճի, քանի որ ջերմաստիճանի բարձրացումը տաքացնում է ձյունն ու սառույցը։ Արագ ձնհալքը և սառույցի խցանումները կարող են ամբողջ Հյուսիսային լանջով մեկ գետերի և առվակների հեղեղումների  հանգեցնել։ Իշխանությունները նաև զգուշացնում են, որ ջրհեղեղները կարող են խաթարել ճանապարհների, թռիչքուղիների և ցածրադիր ենթակառուցվածքների հասանելիությունը։ Ջրի բարձր մակարդակը կարող է հանգեցնել ափերի քայքայման, ինչը կարող է վտանգ ներկայացնել մոտակա ճանապարհների համար։

Ալյասկայի ամռանը ավելի տաք եղանակը իրականում անսովոր երևույթ չէ, բայց սա առաջին անգամն է, որ օդերևութաբանական ծառայությունը տաքության մասին նախազգուշացում է անում։

Թեև տարվա մեծ մասն այն ​​դեռևս կարելի է բնութագրել որպես «շատ ցուրտ», Ալյասկան տաքանում է համաշխարհային միջինից երկու-երեք անգամ ավելի արագ, իսկ վերջին 60 տարվա ընթացքում նահանգի միջին ջերմաստիճանը 1,67°C-ով բարձրացել է։