Իրանի Բուշեհրի ատոմակայանից որոշ ռուս աշխատակիցներ տարհանվել են, հայտնել է «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։
Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանին եւ Ադրբեջանին ռուսաստանցիների տարհանման հարցում օգնության համար։
Լիխաչովի խոսքով՝ «Ռոսատոմը» բառացիորեն մի քանի քայլ է հեռու արտակարգ դրություն հայտարարելուց, երբ բոլոր աշխատակիցները լիովին կտարհանվեն։
Մինչ այդ Լիխաչովը հայտնել էր, որ Իրանի Բուշեհրի ատոմակայանին (ԱԷԿ) հարվածելով՝ իսրայելական բանակը կարող է հրահրել Չեռնոբիլի հետ համեմատելի աղետ։
Բուշեհրի ատոմակայանը Իրանի եւ ամբողջ Մերձավոր Արեւելքի առաջին ատոմակայանն է։ Այն գտնվում է Բուշեհր քաղաքի մոտակայքում։ Ատոմակայանի շինարարությունը սկսվել է 1975թ., սակայն արդյունաբերական շահագործման է հանձնվել միայն 2013թ.։





























