Ազգային ժողովը հունիսի 19-ի նիստին քվեարկեց և ընդունեց «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը:
Նախագծին կողմ քվեարկեց 63 պատգամավոր, դեմ՝ 0: Միայն մեկը ձեռնպահ է եղել։ Ընդդիմադիր պատգամավորները բոյկոտել են քվեարկությունը։
Հիշեցնենք, որ Հայաստանի պետական բյուջեի եկամուտները 2024թ. կազմել են 2 տրիլիոն 579 միլիարդ դրամ կամ 6.6 միլիարդ դոլար։ Հաստատված պետական բյուջեի ծրագրի համեմատ եկամուտները հավաքագրվել են 95.8 տոկոսով, իսկ 2023թ. համեմատ աճել են 7 տոկոսով։
Ծախսերի ծավալը կազմել է 2 տրիլիոն 955 միլիարդ դրամ կամ 7.6 միլիարդ դոլար։ Ծախսերը կատարվել են 93.3 տոկոսով, իսկ դրանց ծավալը 2023թ. համեմատ աճել է 13.7 տոկոսով։ Հայաստանի պետական բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ի նկատմամբ 2024թ. կանխատեսվածից 0.9 տոկոսով պակաս է եղել (3.7 տոկոս՝ 4.6 տոկոսի փոխարեն)։ Բացարձակ թվերով այն կազմել է 376 միլիարդ դրամ կամ մոտ 970 միլիոն դոլար։ Պետական պարտքը կազմել է ՀՆԱ մոտ 48 տոկոսը։





























